Ազնվամորու օգտակար հատկանիշները

Ազնվամորի (մալինա), արքայամորի, մոռի-վարդազգիների ընտանիքի, վարդայինների ենթաընտանիքին պատկանող բազմամյա թուփ է։ Լատիներեն անվանումն է` Rubus IDAEUS։ Մատղաշ ցողունները բարակ են, ծածկված սուր փշերով։ Երկրորդ տարում ցողունը փայտանում է, ճյուղավորվում և կորցնում փշերը։

Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում` հուլիս-օգոստոս ամիսներին։ Պտուղը բաղկացած է բազմաթիվ մանր կորիզապտուղներից։ Հայտնի է հնագույն ժամանակներից։ Կան հիշատակություններ, որ բույսի մասին իմացել են առասպելական Տրոյայում, Կրիտոս կղզու բնակիչները հավաքել են ազնվամորու հատապտուղները` Իդա լեռան վրա, որը Զևսի ծննդավայրն էր։ Եվրոպայում ազնվամորին հայտնվել է` 16-րդ, իսկ Ռուսաստանում` 17-րդ դարում։ Աստղագուշակները համարում են, որ ազնվամորին կարող է մարդուն պարգևել սիրելու ունակություն։

Բույսը մեծ տնտեսական նշանակություն ունի։ Արտահանման քանակներով առաջատարն է Ռուսաստանը։ Սերբիան և ԱՄՆ-ը զիջում են 2-3 անգամ։ Պատճառն այն է, որ Ռուսաստանում մշակվել են տեսակներ, որոնք կարող են պտղաբերել առաջին տարվա աշնանը։ Ազնվամորին լավ մեղրատու է։ Ծաղիկները թեքված են դեպի ներքև, և մեղուն կարողանում է աշխատել նույնիսկ անձրևի ժամանակ։ Ծաղկման շրջանը շարունակվում է 15-18 օր։ Մեկ օրվա ընթացքում մեղվաընտանիքը հասցնում է մթերել մինչև 200 գրամ ծաղկափոշի և 3 կգ ծաղկահյութ։ Մեղվատվությունը 1 հա-ից տատանվում է 50-215 կգ։ Մեղրը ունի բաց սաթի գույն, հաճելի համ և բուրմունք։ Առաջին տարում մեղրը չի բյուրեղանում։ Բյուրեղացած մեղրը բաց դեղնավուն է։

Ազնվամորու պտուղը հարուստ է օգտակար նյութերով, այն պարունակում է մինչև 12% շաքարներ, 4-6% թաղանթանյութ, 2-3% օրգանական թթուներ (կիտրոն, գինի, խնձոր), պեկտինային նյութեր, դաբաղանյութ, ներկանյութ, ֆիտոնցիդներ։ Վիտամիններ (100 գրամ հումքի մեջ)` B1-0,02 մգ, B2-0,05, B5-0,2, PP-0,6, B6-0,07, բիոտին -1,9 մկգ, սալիցիլաթթու, սպիրտներ, կատեխին, նաև նատրիում, կալիում, ֆոսֆոր, մագնիում, կալցիում, պղինձ, երկաթ, կոբալտ, յոդ (2 մգ), ֆտոր, մոլիբդեն։

Կարդացեք նաև

Դեղին ազնվամորու մեջ 1,5 անգամ մեծ է A ենթավիտամինի պարունակությունը։ Ավելի բարձր են դրա հակակոնցեռագեն հատկությունները, որն ալերգիա չի առաջացնում։

Սև ազնվամորու մեջ ռեկորդային է ռուտինի պարունակությունը` 7500 մգ` 100 գ հումքի մեջ։ Այն պաշտպանում է համակարգիչների ճառագայթումից։ Օգտակար է մազանոթներին, ունի արյունարգել, հակաուռուցքային հատկություններ։ Խորհուրդ է տրվում այն անձանց, ովքեր աշխատում են առողջության համար վնասակար միջավայրում։

malinaԱզնվամորին ունի հակաբորբոքային, ջերմիջեցնող, քրտնամուղ, ցավազրկող հատկություններ։ Այն կարող է փոխարինել ասպիրինին, հատկապես օգտակար է չորացրած ազնվամորին, այն պարունակում է 20 անգամ ավելի սալիցիլաթթու, քան թարմը։

  • Ընտրեք նոր հասած ազնվամորին, փռեք բարակ շերտով թավայի վրա և չորացրեք ջեռոցում, ոչ բարձր (40-50) ջերմաստիճանի տակ։ Պահեստավորեք չոր թղթե պարկիկների կամ փակվող ապակե տարայի մեջ։

Ազնվամորին ամրացնում է արյունատար անոթների պատերը, այն խորհուրդ է տրվում ընդգրկել ինֆարկտ և ինսուլտ տարած հիվանդների սննդակարգի մեջ։

Ազնվամորին իջեցնում է արյան ճնշումը և խոլեստերինի մակարդակը արյան մեջ, բուժում և կանխարգելում է աթերոսկլերոզը։ Ազնվամորու հակասկլերոտիկ հատկությունը բնորոշվում է դրա մեջ պարունակվող սիտոստերինով, որը հակազդում է խոլեստերինի առաջացմանը, իսկ հատապտուղների մեջ պարունակվող թաղանթանյութը հեռացնում է խոլեստերինը օրգանիզմից։

Ազնվամորու պտուղները օգտագործվում են մարսողությունը լավացնելու, ախորժակը բարձրացնելու, լուծի և փսխումի դեպքում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ազնվամորին նպաստում է ինսուլինի արտադրմանը։ Շաքարային դիաբետի դեպքում խորհուրդ է տրվում խմել 50 մլ հատապտղի հյութը սնվելուց 30 րոպե առաջ։

Ազնվամորու հյութը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, օգտակար է զարգացող աթերոսկլերոզի և հիպերտոնիայի դեպքում։

  • Խառնեք 50-100 մլ հյութը նույն քանակությամբ ջրի հետ և խմեք սնվելուց առաջ։ Հյութը հակացուցված է ալերգիայի դեպքում։ Այն կարող է առաջացնել այտուցվածություն, քոր, ցան մաշկի վրա։

Բույսի տերևները, ծաղիկները և արմատը ունեն կապող, արյունարգել, հակաբորբոքային, օրգանիզմից թույները հեռացնող հատկություն։

  • Տերևների եփուկը և թուրմը խորհուրդ է տրվում լուծի, թութքի, ստամոքսի խոցի, արյունահոսության, բրոնխիտի, պնևմանիայի, մաշկային հիվանդությունների դեպքում։

Ծաղիկների եփուկով դնում են թրջոցներ կոնյուկտիվիդի դեպքում։

Արմատների եփուկը օգտագործում են մալարիայի և թութքի դեպքում` որպես արյունարգել միջոց։

Ազնվամորին համարվում է կանանց առողջական վիճակը լավացնող հատապտուղ. այն նպաստում է դաշտանային ցիկլերի կարգավորմանը։

Հակացուցված է նեֆրիտի, հոդատապի, երիկամներում օքսալատային քարերի առկայության դեպքում։

Զգուշացում։ Ստամոքսաբորբի, 12-մատնյա աղիի, ստամոքսի խոցի դեպքում և կոլիտով հիվանդներին խորհուրդ է տրվում օգտագործել ազնվամորու հյութը, սակայն արգելվում է հիվանդությունների սրացման շրջանում։

Կիսել– Ընտրեք մորու առողջ պտուղները։ Առանձնացրեք պտղակոթերից, լվացեք զտված ջրի մեջ, տրորեք հատապտուղները քամիչի վրա։ Ստացված հյութը առանձնացրեք։ Մնացած քուսպը լցրեք եռջրի մեջ, եփեք 5 րոպե` ոչ ուժեղ կրակի վրա։ Եփուկը քամեք, մի մասի մեջ բացեք կարտոֆիլի օսլան, մնացած մասին ավելացրեք շաքարավազ, հասցրեք եռման ջերմաստիճանի, ավելացրեք օսլայաջուրը։ Եռացրեք 2-3 րոպե։ Հովանալուց հետո միացրեք, խառնեք ստացված հեղուկը և ազնվամորու խյուսը։ Պատրաստման համար անհրաժեշտ է 100-200 գրամ ազնվամորի, 4 ճ/գ շաքարավազ, 3 ճ/գ օսլա, 1 լ ջուր։

Յուղամզվածք– Աչքերի եզրային մաշկը (հատկապես կոպերը) շատ բարակ է և նուրբ։ Արյունատար անոթները գտնվում են մակերեսին շատ մոտ։ Մաշկի այս հատվածը հաճախ է այտուցվում, քանի որ կոլագենի շերտը շատ բարակ է և քիչ է էլաստինը։

  • Խառնեք չորացրած մեկական ճ/գ վաղենակի, երիցուկի, լորենու ծաղիկները, վարդի ծաղկաթերթերը, ազնվամորու և ջղախոտ մեծի տերևները։ Հումքի վրա ավելացրեք 200 մլ ձիթապտղի յուղ, 2 ժամ պահեք թույլ կրակի վրա (ջրային բաղնիք)։ Թրմեք 4 օր, քամեք։ Օգտագործելուց առաջ գոլացրեք և բամբակե խծուծի օգնությամբ քսեք կոպերին կամ դրեք թրջոց։

Մակաբույծների դեմ. Խառնեք մասուրի պտուղը, հաղարջի, ազնվամորու տերևները (2։1։1)։ Հումքի 2 ճ/գ-ն 3 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Քամեք, խմեք 100 մլ օրը 2 անգամ, սնվելուց 1 ժամ առաջ։ Բուժման ժամկետը` 2 շաբաթ։

Հիպոտոնիայի դեպքում. Խառնեք սրոհունդի խոտը, կեչու և ազնվամորու տերևները, մասուրի պտուղը (3։3։2։2)։ Հումքի 3 ճ/գ-ն 2 ժամ թրմեք 500 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Խմեք 100-ական մլ օրը 3-4 անգամ, օգտագործման ժամկետը անսահմանափակ է։

Վարիկոզի, թութքի դեպքում. Փոշիացրեք չորացրած բրգաձև սոճու (Abies) ճյուղն և անտառային ազնվամորու արմատը (հավաքել գարնանը կամ աշնանը) և խառնեք (2։1)։ Հումքի մի մասը լցրեք ապակե տարայի մեջ այնպես, որ ստացվի 15 մմ հաստությամբ շերտ, վրայից ավելացրեք 5 մմ բարձրությամբ հեղուկ մեղր։ Շարունակեք այդ հերթականությամբ` մինչև 3 լիտրանոց տարայի մեջ ազատ մնա 1 լ ծավալ։ Ավելացրեք 200 մլ եռջուր։ 24 ժամ անց տաքացրեք 6 ժամ ջրային բաղնիքի վրա, թրմեք ևս 48 ժամ։

Ապակե տարայից հեռացրեք հեղուկ մասը։ Ընդունեք մեկական ճ/գ օրը 5 անգամ` սնվելուց առաջ։

Շարունակեք մինչև պարունակության լրիվ վերջանալը։

Մրսածության, գրիպի դեպքում

  • Խառնեք չորացրած ազնվամորու և արոսի պտուղները (4։3)։ Հումքի 5 ճ/գ-ն 4-5 ժամ թրմեք 1 լ եռջրի մեջ` ջերմապահում։ Քամեք։ Խմեք գոլ վիճակում 200-ական մլ, 3 ժամը մեկ, խառնեք 1 թ/գ մեղր։
  •  Մանրացրած 1 ճ/գ մորու մատղաշ ճյուղերը 30 րոպե թրմեք 500 մլ եռջրի մեջ։ Քամեք։ Ավելացրեք 1 կիտրոնի հյութ, սխտորի 2 ճզմած ատամիկ։ Խմեք օրվա ընթացքում, մինչև վիճակի բարելավում։

Ռևմատիզմի դեպքում. Խառնեք հատապտուղը, տատրակի տերևը (Tussilago farfara), խնկածաղկի խոտը (2։2։1)։ Հումքի 2 ճ/գ-ն 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Բաժանեք 4 մասի, խմեք սնվելուց 30 րոպե առաջ։

Բրոնխային ասթմայի դեպքում. 20 գ չորացրած արմատը 30 րոպե եփեք 500 մլ եռջրի մեջ, վերականգնեք նախնական ծավալը, քամեք, խմեք 60-70 գրամ օրը 3-6 անգամ։

Սիրտ-անոթային հիվանդություններ. խառնեք հավասար քանակությամբ հատապտուղը, հաղարջենու, արոսի (Sorbus aucuparia), կեչու տերևները։ Հումքի 2 ճ/գ-ն 30 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ։ Խմեք 100 մլ օրը 2 անգամ, սնվելուց առաջ։

Թութքի դեպքում. 2 ճ/գ չոր, մանրացրած տերևները 30 րոպե թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք։ Բաժանեք 3 մասի, խմեք սնվելուց առաջ։ Օգտակար է նաև բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի դեպքում։

Նևրասթենիա. 10-ական գրամ ազնվամորու չորացրած արմատը և տերևը 300 մլ եռջրով եփեք 30-40 րոպե մարմանդ կրակի վրա։ Վերականգնեք նախնական ծավալը, քամեք, խմեք 60-70 մլ, օրը 3-4 անգամ։

Միջատների խայթոցի դեպքում. Խառնեք հավասար քանակությամբ հատապտղի ծաղիկն և տերևը։ Մեկ շաբաթ թրմեք օղու մեջ (1։5)։ Խայթված հատվածը մշակեք ոգեթուրմով։ Չորանալուց հետո կրկնեք մի քանի անգամ։

Քրտնամուղ միջոց. 30գ հատապտուղը 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում, խմեք 200-ական մլ 30 և 15 րոպե քնելուց առաջ։ Օգտակար է նաև քրոնիկ ռևմատիզմի դեպքում։

Աղիների բորբոքային հիվանդությունների դեպքում. Խառնեք ազնվամորու ծաղիկը, տերևը, մատղաշ ճյուղերը։ Հումքի 2 ճ/գ-ն մեկ ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, բաժանեք 3 մասի։ Խմեք սնվելուց 20 րոպե անց։

Ատամի ցավի դեպքում. Ապակե տարայի մեջ շերտերով լցրեք մանրացրած ազնվամորու և դաղձի տերևները, մինչև լցվի տարան։ Վրայից ավելացրեք այնքան գինու քացախ, որ տերևները ծածկի։ Թրմեք 1 շաբաթ։ Քամեք, խառնեք ջրի հետ (1։1) և ողողեք բերանը։

Դիմակներ

Ճարպոտ մաշկի համար. Խառնեք 1 ձվի սպիտակուցը 2 թ/գ տրորած ազնվամորու հետ։ Քսեք բամբակե կտորին, 15 րոպե դրեք դեմքի վրա։ Լվացվեք ծորակի ջրով, այնուհետև շփեք սառցե խորանարդիկներով։ Սնուցում և սպիտակեցնում է մաշկը։

Թարմացնող դիմակ. Խառնեք 2 ճ/գ տրորած հատապտուղը և 1 թ/գ մեղրը։ Օգտագործեք վերը նշված ձևով։

Սառցե խորանարդիկներ. Խառնեք մեկական ճ/գ հատապտղի տերևը և լորենու ծաղիկները, 30 րոպե թրմեք տաք տեղում 400 մլ եռջրի մեջ։ Հովանալուց հետո լցրեք կաղապարների մեջ և պահեք սառնարանի սառցախցիկում։

Կորյակների դեմ քսուք. Քամեք մորու տերևների հյութը, խառնեք կարագի հետ (1։4)։ Նեղացնում է ծակոտիները։

Մազերի համար. Լվացեք մազերը ազնվամորու տերևների եփուկով։ Այն ամրացնում է մազարմատները և նպաստում աճին։

2011թ.
«168 ԺԱՄ»

 

Տեսանյութեր

Լրահոս