Արցախում արտադրվող ձեթի մրցունակության գլխավոր երաշխիքը արհեստական նյութերի բացակայություն է

Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում 2010 թվականից գործող «Ռեյփսիդ» սահմանափակ ընկերության «Ոսկե կաթիլ» պիտակը կրող ձեթի գործարանը բաղկացած է 2 արտադրամասերից, որոնք նախատեսված են ոչ ռաֆինացված և ռաֆինացված ձեթերի արտադրության համար: Ի դեպ, ռաֆինացված ձեթի արտադրամասն, արդեն 5 ամիս է, ինչ գործում է:

Գործարանի տնօրեն Նորայր Ստեփանյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ձեթի արտադրության ամբողջ արտադրական գործընթացը` հումքի ստացում, շշալցում և ընդհուպ մինչև պիտակավորում, իրականացվում է տեղում, ինչի համար անհրաժեշտ սարքավորումները գերմանական և չինական արտադրության են: Ըստ որակի՝ ներկայումս գործարանը թողարկում է 3 կարգի ձեթ:

«Մոտ 2-3 տարուց նախատեսում ենք արտադրական մնացուկի վերամշակման շնորհիվ ընդլայնել տեսականին: Կարտադրվեն տրանսֆորմատորների և տեխնիկական բնույթի այլ յուղերի 4-5 տեսակներ»,- տեղեկացրեց Ստեփանյանը: Գործարանը նախատեսված է տարվա ընթացքում 10 հազար տոննա հատիկի վերամշակման համար, ինչն առայժմ ամբողջ հզորությամբ չի օգտագործվում, քանի որ այդ քանակության հումքի արտադրանք Արցախում առայժմ չկա: Արտադրության ծավալի համար հիմք է հանդիսանում շուկայի պահանջարկը, ըստ որի տարեկան վերամշակվում է 500 տոննա հումք` ռաֆինացված և 50 տոննա ոչ ռաֆինացված ձեթի արտադրության համար:

Ձեթի արտադրության համար օգտագործվող հիմնական հումքն էլ արևածաղիկն է, ինչպես նաև կտավատը, հալածուկն ու ռաբսը: Հումքի առավելագույն մասը մոտ 40-50 տոկոսը տեղական է, իսկ մյուս մասը ներկրվում է տարբեր երկրներից: Տնօրենի խոսքով, ներկայումս բացատրական և նախապատրաստական աշխատանքներ են տարվում գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ, որպեսզի ձեթի արտադրության համար անհրաժեշտ հումքն առաջիկայում ամբողջությամբ արտադրվի տեղում: Տեղական ձեթի ամենախոշոր սպառողը Պաշտպանության բանակն է, մյուս մասն էլ` ամսական մոտ 70 հազար շիշ ձեթ իրացվում է տեղում, որը կազմում է շուկայի ընդամենը 25-30 տոկոսը: Արտադրական մնացուկը վերամշակումից հետո օգտագործվում է անասնակերի համար:

Շուկայում մրցունակության գլխավոր երաշխիքը տնօրենը համարում է արհեստական նյութերի, ավելորդ համ ու հոտի բացակայությունը, էկոլոգիապես մաքուր լինելն ու բարձր տեսակարար կշիռը: Բացի այդ, «Ոսկե կաթիլ» ձեթերը շուկայական գներից էժան են և մեծածախ առևտրի դեպքում ունեն 600-750 դրամ արժեք: Ստեփանյանը հավաստիացրեց, որ շուկայականից ցածր այդ գները պահպանվելու են նաև հետագայում: «Բացի այդ, եթե հաջողվի արտադրությունը ամբողջությամբ կազմակերպել տեղական հումքի հաշվին, ապա տեղական արտադրության ձեթի համար ավելի ցածր գներ կսահմանենք»,- ասաց գործարանի սեփականատերը, և հավելեց, որ գործարանը ներկայումս ունի 70 աշխատող` շրջակա գյուղերից. միջին աշխատավարձը կազմում է 100 հազար դրամ:

Անդրադառնալով կադրային ապահովվածության հարցին՝ տնօրենը նշեց, որ որակյալ մասնագետների խիստ կարիք է զգացվում: Այդ նպատակով ընկերությունն առանձին ծրագիր է մշակել, ինչի շնորհիվ, ընկերության կողմից հատկացվող ֆինանսական միջոցների հաշվին մեծ թվով սովորողներ ձեթի արտադրության կազմակերպման գործում մասնագիտանում են Երևանի համապատասխան ուսումնական հաստատություններում: Բացի այդ, մասնագետներ են հրավիրվում նաև Ռուսաստանից ու Չինաստանից: Խոսելով արտադրանքի իրացման շուկայի ընդլայնման հետ կապված ծրագրերի մասին՝ ձեթի գործարանի տնօրենը տեղեկացրեց, որ ներկայումս եվրոպական որոշ երկրների համապատասխան ընկերությունների հետ բանակցություններ են տարվում արտադրանքն արտահանելու համար:

Ն. Ստեփանյանը նշեց նաև, որ հումքի անհրաժեշտ քանակն ամբողջությամբ տեղում ստանալու դեպքում, գործարանն առավել եկամտաբերություն կապահովի, հետևաբար նաև, նոր աշխատատեղեր ու ավելի բարձր աշխատավարձեր կլինեն:

Տեսանյութեր

Լրահոս