Ապրանքային նշաններ գրանցելու գործընթացը կպարզեցվի
ՀՀ կառավարությունը այսօր հավանություն է տվել «Ապրանքային նշանների մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որը միտված է ապրանքային նշանների գրանցման գործընթացների պարզեցմանն ու հարկատուների ծախսի կրճատմանը: Նախագիծը մշակել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը:
Նիստում հավանություն է ստացել «Թափոնների մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունումը կնպաստի ընդերքօգտագործման թափոնների գործածության, վտանգավոր թափոնների անձնագրավորման, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվության և թափոնների հեռացման վայրերի ռեեստրային թերթիկի ներկայացման հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորմանը:
Հավանության է արժանացել «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որով կկարգավորվեն երկաթուղային տրանսպորտով փոխադրման ժամանակ առաջացած հարաբերությունները:
ՀՀ կառավարությունը որոշել է անհետաձգելի համարել ՀՀ քաղաքացիական, ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ աշխատանքային, ՀՀ ընտանեկան օրենսգրքերում, «Ավիացիայի մասին» օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը:
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: