Բաժիններ՝

«Մի բան հստակ է՝ մայրը փորձել է երեխային իրենով, մարմնով պաշտպանել». փաստաբանը՝ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մասին

Հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի բնակարանի հյուրասենյակի գազի վառարանի վրա հայտնաբերել է ծխուկ՝ ծխախոտի մնացորդ, VIP տեսակի, որը գենետիկական փորձաքննության համաձայն՝ 99,99 տոկոս հավանականությամբ թողնված է ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի կողմից:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ավետիսյանների սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը: Նրա խոսքով՝ սվին դանակի բռնակից, պատյանից, գոտուց անջատված ԴՆԹ-ն 99,99 տոկոս հավանականությամբ համընկել է Վ.Պերմյակովի արյան նմուշից անջատված ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ:

Փաստաբանն ասաց, որ դեպքի վայրում հայտնաբերված զինվորական բաճկոնի վրայից անջատված ԴՆԹ-ն ևս համընկել է մեղադրյալի ԴՆԹ-ի գենետիկական բնութագրի հետ: «Համազգեսի ծոցագրպանում եղել է օպտիկական լինզա, այսինքն՝ փոքր խոշորացույց: Դրա վրա նույնպես հայտնաբերվել է Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ն»:

Երեմ Սարգսյանն ասաց, որ սվին դանակի վրա հայտնաբերվել է արյուն, որը, ըստ փորձագետի, թողնված է Արաքսյա Պողոսյանի և Սերյոժա Ավետիսյանի կողմից. «Եվ այս պայմաններում, եթե մենք բռնակի վրա ունենք 99,99 տոկոս հավանականությամբ Պերմյակովի ԴՆԹ-ն և որևէ այլ ԴՆԹ դրա վրա բացարձակապես չի հայտնաբերվել, և ունենք արյան հետք, այսինքն՝ դա մեզ գոնե այս փուլում հնարավորություն տալիս է նախնական ենթադրություն անել, որ այդ դանակը վնասվածք պատճառելու պահին գտնվել է Վալերի Պերմյակովի ձեռքին»:

Կարդացեք նաև

Gyumri (1)

Gyumri (4)

Gyumri (3)

Gyumri (2)

Երեմ Սարգսյանն ասաց, որ դեպքի վայրում հայտնաբերված ինքնաձիգից կրակվել է 28 փամփուշտ, պահունակի մեջ հայտնաբերվել է մեկ փամփուշտ, 1-ը՝ զենքի մեջ, որը չի կրակվել. «Այս զենքի միջից հայտնաբերված փամփուշտի վրա նույնպես հայտնաբերվել է Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ն: Այսինքն՝ ևս մեկ ենթադրության հնարավորություն (մենք դեռևս խոսում ենք ենթադրությունների մասին, քանի որ չունենք ամբողջ գործի պատկերը և անմեղության կանխավարկածը չենք ուզում խախտած լինել), որ այդ փամփուշտը նույնպես նրա կողմից է լիցքավորվել պահունակի մեջ»:

Սպանված Ավետիսյանների իրավահաջորդների մյուս ներկայացուցիչ Լուսինե Սահակյանն ասաց, որ հնարավոր չէ հստակ ասել, թե որքան ժամանակ է ամբողջը տևել: Միևնույն ժամանակ նա նշեց, որ կարող են ենթադրել, որ իրադարությունները շատ կարճ են տևել: Փաստաբանն ասաց նաև, որ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը եղել է մոր գրկին. «Մի բան հստակ է՝ մայրը փորձել է երեխային իրենով, մարմնով պաշտպանել, որովհետև երբ նայում ենք մոր վնասվածքները և երեխայի դիրքը, որը նկարագրվում է անձանց կողմից, ովքեր երեխային հայտնաբերել են, հստակ երևում է, որ մոր գրկում է եղել Սերյոժա Ավետիսյանը և հավանաբար նորից կարող ենք ենթադրել՝ դա է պատճառը, որ մայրը անկողնուց դուրս չի եկել, որովհետև փորձել է իրենով փոքրիկ պաշտպանել»:

Փաստաբանն ասաց նաև, որ մինչ օրս ունեցած տվյալներից կարող են ենթադրաբար ասել, որ կրակող անձը, ամենայն հավանականությամբ եղել է 1 անձ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս