Կարապի լճում կրկին թեժ է լինելու
Հունիսի 6-ին, շնորհիվ «Oriflame Հայաստան» ընկերության, Կարապի լճում կրկին թեժ է լինելու։ Աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթի ոտքն ու հատկապես` թռիչքը, ինչպես ասում են` Կարապի լճում խերով էր եղել։ Այս անգամ, սակայն, լիճն իր շուրջ կհավաքի նորաձևության, հատկապես` հայկական նորաձևության սիրահարներին։
Հունիսի 6-ին «Օրիֆլեյմ Հայաստանը» միավորելու է 6 ճանաչված հայ դիզայների` մեկ միջոցառման շուրջ, այն է` «Oriflame fashion night»։ Մեզ հետ զրույցում «Oriflame Հայաստան» ֆեյսբուքյան էջի ներկայացուցիչն ասաց. «Սա թվով մեր երկրորդ միջոցառումն է, որն այս տարի լինելու է ավելի մասշտաբային։ Ինչպես և նախորդ տարի` այս տարի ևս նորաձևության խոշորագույն միջոցառումը տեղի կունենա Կարապի լճում, հունիսի 6-ին, ժամը 20։30-ին»։ Ներկայացնում ենք մեր զրույցը միջոցառման մասին.
– Ինչպե՞ս է ստեղծվել գաղափարը։
– «Օրիֆլեյմ» ընկերությունը տարբեր երկրներում հովանավորում է նորաձևության շաբաթներ։ Տեսնելով, որ Հայաստանում մենք չունենք նորաձևության նման հարթակ, որոշեցինք այն ինքներս ստեղծել։ Ընտրվել են Հայաստանի 6 առաջատար դիզայներներ։
– Ի՞նչ չափանիշերով եք ընտրել առաջատարներին։
– Ընտրությունը կատարվել է` ելնելով տարբեր չափանիշերից` հայտնիություն, մոդելավորման որակ, արդեն իսկ գրանցած հաջողություններ, նրանց լսարանը, և այլն։
– Ի՞նչ կտա այն դիզայներներին։
– Դիզայներների համար սա շատ մեծ հնարավորություն է` մեծ լսարանին ներկայացնելու իրենց վերջին հավաքածուները։ Հունիսի 6-ին ամբողջ օրը Կարապի լճի հարակից տարածքում քաղաքացիներին առաջարկվելու է անվճար մատնահարդարում և «Օրիֆլեյմի» բույրերի փորձարկում։ Իսկ բուն ծրագիրը կսկսվի ժամը 20։30-ին։ Արամ Նիկոլյանը, Վահան Խաչատրյանը, Արևիկ Սիմոնյանը, Գևորգ Շադոյանը, Միկա Դանիելյանը և Ֆաինա Հարությունյանը կներկայացնեն իրենց նոր հավաքածուները, որոնք կընդմիջվեն հետաքրքիր շոու-ծրագրով։
Միջոցառման օրը կկազմակերպվի մամլո ասուլիս, որին ներկա են լինելու դիզայներները, «Օրիֆլեյմ Հայաստանի» գործադիր տնօրեն Նաիրա Մարգարյանը, Հայաստանում Շվեդիայի դեսպան Մորթեն Էնբերգը, և այդ կապակցությամբ Հայաստան է ժամանելու Յոնաս Վրամելը` «Օրիֆլեյմի» գլոբալ կրեատիվ տնօրենն ու աշխարհահռչակ դիմահարդարը, ով աշխատում է Անգլիայում և Շվեդիայում։
– Լինելո՞ւ է արդյոք ցուցադրության հեռուստատեսային տարբերակը։
– Այդ հարցը դեռևս քննարկման փուլում է։
Մենք զրուցեցինք նաև մասնակից դիզայներներից երկուսի` Ֆաինա Հարությունյանի և Վահան Խաչատրյանի հետ։
Վ. Խաչատրյան.- Ինչպես գիտեք` ես ևս մասնակցելու եմ, սակայն այդ օրը ես երկրում չեմ լինելու։ Ցուցադրելու եմ այն, ինչ արդեն ցուցադրել եմ։ Իսկ թե քանիսն է լինելու ցուցադրվելիք հագուստի թիվը` դեռևս չեմ կարող ասել, քանի որ, ճիշտն ասած, դեռ մանրամասներին տեղյակ չեմ։
Ֆաինա Հարությունյան.- Քանի որ Հայաստանում դեռևս չունենք fashion week ասվածը, «Օրիֆլեյմը» փորձում է հայ դիզայներներին միավորել և տոն պարգևել քաղաքին։ Հույս ունենք, որ հաջորդ տարի այն արդեն կդառնա fashion week։ Անցյալ տարի 4 դիզայներներ էինք մասնակցում` ես, Արևիկ Սիմոնյանը, Վահան Խաչատրյանը և Շադոյանը։ Այս տարի մեզ միացավ նաև Հարմոնին և Արամ Նիկոլյանը։
– Դուք` դիզայներներդ, հա՞յտ եք ներկայացրել մասնակցության համար։
– Ոչ, ամենևին։ Մենք հայտ չենք ներկայացրել երբեք։ «Օրիֆլեյմն» է մեզ հրավիրել մասնակցելու այս իրադարձությանը։
– Իսկ ինչպե՞ս է ֆինանսավորվում հավաքածուի ցուցադրությունը։
– Ամբողջն «Օրիֆլեյմի» կողմից է արվում` դիմահարդարում, սանրվածքներ, մոդելներ, պոդիում, նկարահանում։
– Որքանո՞վ է այդ իրադարձությունը կարևոր Ձեզ համար։
– Այն մեզ` դիզայներներիս համար շատ կարևոր է, քանի որ մենք չունենք հնարավորություն` բոլորս միասին ցուցադրելու մեր հավաքածուները։ Ինչպես արդեն նշեցի` մենք չունենք նորաձևության շաբաթ, իսկ «Օրիֆլեյմը» փորձում է զարգացնել նորաձևությունը մեր երկրում։
– Կարելի՞ է դիտարկել, որ «Օրիֆլեյմը» Ձեր միջոցով գովազդում է իր ապրանքանիշը։ Այլ կերպ ասած` սա փոխշահավետ համագործակցություն է։
– Հավատացե՛ք, գովազդ կարելի է ավելի քիչ գումարով անել։ Կարծում եմ, որ դա ոչ թե գովազդ է, այլ նորաձևության և գեղեցկության հանդեպ ճաշակի դաստիարակում։
– Դուք ի՞նչ հավաքածու եք պատրաստվում ներկայացնել։
– Շատ վառ հագուստ է սպասվում` գույներով լի։ Մենք երևի բոլորս կցուցադրենք 10-15 զգեստ։ Ավելին չենք կարող, քանի որ այս տարի շատ են դիզայներները։ Կփորձենք մինիմալ քանակով ներկայացնել մեր նոր հավաքածուները։ Այսինքն` բոլորս միասին մոտավորապես 70 զգեստ։
Շատ կարևոր է սկսել որևէ բան միասին անել։ Ու մենք` դիզայներներս, հույս ունենք, որ դա կդառնա ավանդույթ։ Եվ մենք շատ ենք սպասում նորաձևության շաբաթ ունենալուն։
– Ի՞նչ է կատարվել զուսպ գույների սիրահար Ֆաինայի հետ։
– Չգիտեմ, բայց գույն եմ ուզում։ Վառ գույներ։
– Միգուցե ամուսնական մատանի՞ն է ազդել։
– Դե… Միգուցե այո։