Ինչպես լռել՝ խոսելով
«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի կիրակի օրվա հյուրն էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն էր։ Խոսում էր ՀՀ տնտեսության վիճակի, խնդիրների ու հեռանկարների մասին։ Դիտեցինք ու հերթական անգամ` համոզվեցինք, որ մեր որոշ նախարարներ անգերազանցելի են` հարցերին չպատասխանելու ունակության առումով։
Խոսք գնաց տնտեսական աճից։ 2015թ. բյուջեի հիմքում, ինչպես հայտնի է, դրված է 4.1% տնտեսական աճի ցուցանիշը։ Սակայն միջազգային մի շարք կազմակերպություններ, որոնց կարծիքը ՀՀ բոլոր կառավարությունները միշտ հաշվի են առել, չեն հավատում այս ցուցանիշին։ Իսկ Արժույթի միջազգային հիմնադրամն անգամ գտնում է, որ այս տարի կունենանք 1 տոկոս տնտեսական անկում։
Նախարարն ասում է` ԱՄՀ-ն զգուշավոր է իր կանխատեսումներում։ Ասել է թե` սխալ է։ Մի քանի անգամ կրկնվող հարցին` այդուհանդերձ կունենա՞նք 4.1% աճ, նախարարն այդպես էլ կոնկրետ չի պատասխանում։ Փոխարենը` բավական երկար խոսում է այն ծրագրերի մասին, որոնք թույլ կտան աճ ապահովել։ Սա նույնն է, որ ծանրամարտի հավաքականի մարզչին հարցնես` ծանրորդդ կկարողանա՞ 200կգ-անոց ծանրաձողը բարձրացնել, նա «այո» կամ «ոչ» պատասխանելու փոխարեն` սկսի պատմել, թե ինչպես են վերանորոգել մարզասրահը, որտեղ տվյալ ծանրորդը մարզվում է։ Իհարկե, այդպես ավելի ապահով է. ծանրաձողը ոտքին գցելու դեպքում չես կարողանա ասել` բա ասում էիր` կբարձրացնի։ Այսինքն` մեր պաշտոնյաներն ԱՄՀ-ից մի բան հաստատ սովորել են` զգուշավորություն։
Նախարարը նաև խոսում էր այն մասին, որ 2015թ. առաջին եռամսյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը 2.5%-ով աճել է։ Ու ասում էր` առաջին եռամսյակը սովորաբար ամենածանրն է լինում։ Այսինքն` ակնարկում էր, որ, եթե առաջին եռամսյակում 2.5% աճ ենք ապահովել, ապա հաջորդ եռամսյակներում ավելի հեշտ կլինի։ Այս պնդմանն ի պատասխան` ընդամենը մեկ օրինակ բերենք ոչ վաղ անցյալից։ 2009թ. առաջին եռամսյակում ունեինք 6.1% տնտեսական անկում։ Ըստ այն տրամաբանության, որ առաջին եռամսյակն ավելի ծանր է, 2009թ. հետագա եռամսյակներում վիճակը պետք է բարելավվեր։ Սակայն 2009-ի վերջում ունեցանք 14%-ից ավելի անկում։ Այնպես որ, առաջին եռամսյակի 2.5% տնտեսական ակտիվության աճը ոչինչ չի նշանակում և չի կարող երաշխավորել, որ անկում չենք ունենա։
Անցնենք առաջ։ Նախարարը տնտեսական ակտիվության համատեքստում խոսում էր նաև վարկավորման մասին։ Ասում էր` «հունվարից այս կողմ վարկավորումներն ավելացել են բոլոր ոլորտներին»։ Այս դիտարկման վրա անհնար է կանգ չառնել։ Փաստորեն, Կարեն Ճշմարիտյանն ուզում է ասել, որ այս տարվա առաջին եռամսյակում վարկավորումն ամսեամիս աճել է։
Նախ, ավելի ճիշտ կլիներ, եթե վարկավորման ծավալները դիտարկվեին համեմատության մեջ։ Այսինքն` 2014թ. առաջին եռամսյակի համեմատ` վարկավորման աճ կա՞, թե՞ ոչ։ Սակայն այդ տեսանկյունից հարցին անդրադառնալը ձեռնտու չէ, քանի որ, ինչպես արդեն գրել ենք, ՀՀ առևտրային բանկերի վարկային պորտֆելը 2015թ. առաջին եռամսյակում կրճատվել է ավելի քան 70 մլրդ դրամով կամ 3.3%-ով։
Լավ, իսկ այս տարվա փետրվարին` հունվարի համեմատ, վարկավորումն աճե՞լ է։ Կամ մարտին` փետրվարի համեմատ։ Միանգամից ասենք` այո։ Օրինակ, ԿԲ ամսական տեղեկագրերից երևում է, որ ՀՀ առևտրային բանկերը հունվարին իրականացրել են շուրջ 152.3 մլրդ դրամի վարկավորում, փետրվարին` 154.9 մլրդ-ի, մարտին` 171.5 մլրդ դրամի։
Սակայն ավելի մանրամասն դիտարկելու դեպքում բավականին ուշագրավ հանգամանքներ են պարզվում։ Օրինակ` այն, որ դրամով վարկավորման ծավալներն են նվազել։ Հունվարին ՀՀ դրամով վարկավորման ծավալը կազմել է 79.2 մլրդ դրամ, փետրվարին` 62.7, մարտին` 66 մլրդ դրամ։ Այսինքն` ՀՀ բանկերը վարկավորման հարցում նախապատվությունը տվել են արտարժույթին և, միևնույն ժամանակ, բարձրացրել տոկոսադրույքները։ Այստեղ ոչ մի ուրախալի բան չկա։ Ի դեպ, առաջին եռամսյակի վարկավորման ցուցանիշներն այլ հետաքրքիր մանրամասներ էլ են պարունակում, որոնք առանձին կներկայացնենք մեր հաջորդ համարում։
Եվ վերջապես, անդրադառնանք մի կարևոր ցուցանիշի` արտաքին առևտրին։ 2.5 տոկոս տնտեսական ակտիվության պայմաններում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալներն այս տարվա առաջին կիսամյակում կրճատվել են շուրջ 1/3-ով։ Այդ թվում` արտահանումը կրճատվել է 23.1%-ով և կազմել 267.6 մլն դոլար, իսկ ներմուծումը կրճատվել է 30.5%-ով` կազմելով 677.5 մլն դոլար։
Անդրադառնալով արտաքին առևտրի այս խայտառակ ցուցանիշներին` Կ. Ճշմարիտյանը հերթական անգամ նշեց, որ դա հիմնականում պայմանավորված է ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, և այդ տվյալները հետագայում ենթակա են ճշգրտման: Նույն բացատրությունն արդեն երրորդ ամիսն անընդմեջ ներկայացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։ «Տեղեկատվության ոչ ամբողջականությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի թիվ 447-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված «Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև»-ի` դեռևս ոչ բոլոր ռեսպոնդենտների կողմից մաքսային մարմիններին ներկայացման հետ, քանզի դրանց ներկայացման էլեկտրոնային համակարգը դեռևս ամբողջապես գործարկված չէ»,- ասում է ԱՎԾ-ի` արտաքին առևտրին վերաբերող զեկույցի ծանոթագրությունը:
Նշենք, որ ԵՏՄ երկրների շարքում մեր ամենախոշոր առևտրային գործընկերը Ռուսաստանն է։ Եվ, բնականաբար, ենթադրվում է, որ արտաքին առևտրի կտրուկ անկման ցուցանիշի պատճառը հենց Հայաստան-ՌԴ առևտրի ոչ լիարժեք տվյալներն են։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան արտահանումը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ` նվազել է 47.6 անգամ։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում դեպի ՌԴ արտահանել ենք 65.3 մլն դոլարի ապրանքներ, այս տարվա առաջին եռամսյակում` ընդամենը 1.4 մլն դոլարից էլ քիչ։ Հիմա մեր տնտեսական բլոկի պատասխանատուներն ասում են` մի անհանգստացեք, պարզապես տեխնիկական խնդիր է` թվերն ամբողջությամբ չեն հավաքագրվել։ Պարզ չէ՞, որ նման անկում չէր կարող լինել։ Այ, տվյալները կճշգրտվեն, կտեսնեք, որ անկումը մեծ չէ։
Տվյալները, արի ու տես, արդեն 5-րդ ամիսն է` չեն ճշգրտվում։ Բայց իրական տվյալները կարելի է գտնել։ Այն, ինչը մեզ համար Հայաստանից Ռուսաստան արտահանում է, Ռուսաստանի համար` Հայաստանից ներմուծում է։ Ու Ռուսաստանի մաքսային ծառայությունը հրապարակում է, թե որքան ներմուծում ու արտահանում է ունեցել Հայաստանի հետ 2015թ. առաջին եռամսյակում։
Այսպես, ՌԴ մաքսային ծառայության տվյալներով` 2014թ. առաջին եռամսյակում Հայաստանից ներմուծումը կազմել է 60.8 մլն դոլար (ՀՀ տվյալներով` 65.3 մլն դոլար էր)։ Իսկ այս տարվա առաջին եռամսյակում, ըստ ՌԴ մաքսային ծառայության, Հայաստանից ներմուծումը կազմել է 24.1 մլն դոլար։ Այսինքն` ՌԴ պաշտոնական տվյալներով` Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է 2.5 անգամ։
Ընդ որում, որևէ տեղ չի նշվում, որ տվյալները թերի են, ինչից կարելի է ենթադրել, որ սրանք վերջնական և ճշգրտված թվեր են։
Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Ռուսաստանը տիրապետում է Հայաստանից իր երկիր մտած ապրանքների ցուցանիշներին, իսկ մենք չգիտենք, թե որքան ապրանք ենք արտահանել։ Այս հարցը տրամաբանական պատասխան չունի։ Ու ամենահավանական պատասխանն այն է, որ ճիշտ տվյալները մերոնց էլ են հայտնի, սակայն գերադասում են առայժմ չհայտարարել։
Միգուցե ամաչում են։ Միգուցե սպասում են հարմար պահի, որ «ճշգրտված անկման ցուցանիշը» մնա որևէ աղմկահարույց իրադարձության ստվերում ու սահուն անցնի-գնա։ Իսկ մինչ այդ կարելի է լռել` խոսելով։ Այսինքն` երկար խոսել, բայց այդպես էլ ոչ մի հստակ բան չասել ու հարցերին չպատասխանել։ Այդ հմտություններին, ինչպես սկզբում նշեցինք, մեր պաշտոնյաները գերազանց են տիրապետում։