Apple-ը գլխավորել է աշխարհի 100 ամենաթանկ ապրանքանիշների ցանկը. Forbes
Forbes պարբերականը կազմել է աշխարհի ամենաթանկարժեք 100 ապրանքանիշների վարկանիշային աղյուսակը: Դրա կազմման ժամանակ հաշվի են առնվել վերջին երեք տարում այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են ընկերությունների շահույթը և տարբեր ոլորտներում շահույթի վրա ապրանքանիշի ազդեցության գործակիցը:
100 ամենաթանկարժեք բրենդների ցուցակում ընդգրկվել են 15 երկրներ ու 20 ոլորտներ ներկայացնող ապրանքանիշներ: Վարկանիշային աղյուսակի գործնականում 50 տոկոսը զբաղեցնում են ամերիկյան ապրանքանիշները:
Թոփ-100-ի կազմում հիմնականում ընդգրկվել են ավտոմոբիլային ու բարձրտեխնոլոգիական ապրանքանիշները: Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Apple ընկերությունը` 145.3 միլիարդ դոլար:
Նա գրեթե երկու անգամ թանկ է գնահատվել` համեմատած վարկանիշային աղյուսակի մյուս ապրանքանիշների հետ: 2014 թվականի վերջին եռամսյակում ընկերությունը համայն աշխարհում վաճառել է 74.8 միլիոն սմարթֆոն` գերազանցելով Samsung ընկերությանը:
Հաշվետու ժամանակահատվածում iPhone-ների վաճառքն աճել է 49 տոկոսով, իսկ մեկ եռամսյակում ընկերության հասույթը կազմել է 18 միլիարդ դոլար:
Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Microsoft ընկերությունը: Այն գնահատվել է 69.3 միլիարդ դոլար: Լավագույն եռյակը եզրափակել է Google-ը` 65.6 միլիարդ դոլար:
Չորրորդ հորիզոնականում Coca-Cola ընկերությունն է` 56 միլիարդ դոլար, ապա գալիս են IBM-ը` 49.8 միլիարդ դոլար, McDonalds-ը` 39.5 միլիարդ դոլար, Samsung-ը` 37.9 միլիարդ դոլար, Toyota-ն` 37.8 միլիարդ դոլար, General Electric-ը` 37.5 միլիարդ դոլար:
Աշխարհի ամենաթանկարժեք ապրանքանիշների տասնյակը եզրափակում է Facebook սոցցանցը` 36.5 միլիարդ դոլար: Լավագույն քսանյակում հայտնվել են նաև Disney-ը, AT&T-ը, Amazon-ը, Louis Vuitton-ը, Cisco-ն, BMW-ը, Oracle-ը, Nike-ը, Intel-ը, Wal-Mart-ը: