Բաժիններ՝

Իսլամական պետության և Թուրքիայի սահմանները

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության` Հանրապետական ժողովրդական  կուսակցության ընդհանուր քարտուղար Կյուրսել Թեքինը մայիսի 7-ին թուրքական «Թարաֆ» օրաթերթում լույս տեսած հարցազրույցում ասել էր, որ Թուրքիան մեկ-երկու օրից Սիրիայում զինվորական գործողություն է իրականացնելու։ Նա իր աղբյուրը  «հավաստի» էր համարել եւ Դավութօղլուից պահանջել  բացատրություն տալ կամ հերքել լուրը:

Թուրքիայի վարչապետը բանավոր հերքեց լուրը, սակայն գործնապես հաստատեց դրա իրավացիությունը: Ուրֆայի նահանգում ընտրական հավաքից հետո թուրքական բանակի ցամաքային ուժերի հրամանատար Հուլուսի Աքարի ընկերակցությամբ զրահապատ մեքենաներով եւ ուղղաթիռների  պաշտպանության ներքո մուտք էր գործել Սիրիա եւ այցելել սիրիական Աշմե գյուղի մոտ եւ Թուրքիայի սահմանից 253 մետր հեռավորության վրա գտնվող Սուլեյման շահի դամբարանը, որտեղ ամփոփվել են Օսմանյան  կայսրության հիմնադրի մեծ հոր աճյունները: Այս աճյունների շրջապտույտը` ներխուժումով Թուրքիա փոխադրել, ապա դարձյալ Սիրիա, այլ «ապահով» շրջան, խորքում միտում ունի արդարացնել թուրքական ներխուժումները: Իբրեւ թե թուրքական բուռն ընդդիմություն աճյունների փոխադրության հարցով եւ ահա Անկարան որոշել էր վերստին Սիրիա տեղափոխել աճյունները: Օսմանյան կայսրության նախահոր աճյունները մնայուն պատրվակ են Անկարայի համար նման ներխուժումներ կազմակերպելու համար:

Սահմանային եւ տարածքային ոտնձգություններ իրականացնելու համար աճյունների պաշտպանության պատրվակով կատարված այս գործողությունները ունեն եւ պիտի ունենան դեռեվս իրենց հետեւողականությունը: Ի տարբերություն նախորդ զինվորական գործողություններին, այս անգամ Թուրքիայի վարչապետը անձամբ մասնակցել է ոտնձգությանը` թուրքական այս ազատ ելումուտը նվիրականացնելու եւ զինվորականին առընթեր նաեւ քաղաքականացնելու: Հետեւաբար այս դեպքում ուշադրությունը պետք է կենտրոնացնել գործողության նախօրյակին կատարված հայտարարությունների վրա: Դրանցից գլխավորը հետեւյալն է. «Թուրքիան Սիրիայի հետ սահմանը պիտի ջնջի, երբ սիրիացի ժողովրդի իսկական ներկայացուցիչը
հաղթանակ արձանագրի»:

Այս հայտարարությանը նախորդել են խաղաղասիրական բնույթի խոսքեր, թե եղբայրասպան կռիվները պետք է դադարեն Սիրիայի տարբեր շրջաններում եւ թե Դամասկոսը պետք է դառնա խաղաղության մայրաքաղաք: Տակավի՛ն. ամբողջ տարածաշրջանը հրդեհ է բռնկվել, իսկ Թուրքիան դիմանում է շնորհիվ իր ժողովրդավարության եւ ներքին միասնականության:

Թուրքական դիմադրողականությունը նման բանաձեւումով բացատրելով` ի դիմաց միջազգային ընտանիքի, Անկարան արաբական գարնան արծարծած թեմաներով փորձում է բացատրել ամբողջ տարածաշրջանի եւ այս դեպքում Սիրիայի ներքին պատերազմների բուն շարժառիթները: Շրջանը գարնանային արթնացման տանող իբրեւ թե ժողովրդավարացման կարգախոսի օգտագործումով Անկարան փորձ է կատարում միանալ Արեւմուտքի հնչեցրած առաջադրանքներին եւ խոստանալ սահմանների ջնջում, եթե Սիրիայում ժողովրդավարությունը հարգվի եւ ժողովրդի ներկայացուցչությամբ իշխանություն կազմվի:

Զինվորական ներխուժումով, սահմանային ոտնձգությամբ եւ տարածքային ամբողջականության ուղղությամբ միջազգային օրենքի խախտում կատարելով` Անկարան իբրեւ ժողովրդավարության ռահվիրա է ներկայանում։

Նման անարգել ներխուժումով սակայն, Անկարան պետք է հաշվի առնի, որ տալիս է այն փաստը, որ ինքն արդեն ջնջել է իր սահմանը Սիրիայի հետ. գեթ այն հատվածները, որտեղ իր կողմից աջակցություն ստացող ծայրահեղական խմբավորումներ են վերահաստատվել։ Վերահսկվում են նաեւ Օսմանյան կայսրության նախահոր աճյունների տարածքները:

Իսկ եթե սահմանները ջնջվել են, եւ անարգել է զինվորական ու պետական այրերի ելումուտը, դա նշանակում է, որ Անկարան, Դավութօղլուի տրամաբանությունը ընդունելով, Իսլամական պետությունում է տեսնում Սիրիայի իրողական ներկայացուցիչները: Իսլամական պետությունում է տեսնում նաեւ իր ակնարկած ժողովրդավարական կարգերը։ Այո՛. Իսլամական պետության եւ Թուրքիայի միջեւ ջնջվել են սահմանները: Եւ այդ տարածքները թուրքական զորքերը ոչ թե ներխուժում են, այլ պարզապես հանգիստ այցելում` վարչապետի գլխավորությամբ:

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս