7 մլն դոլար՝ Կոտայքում նոր աղբավայր ստեղծելու համա՞ր
Կոտայքի մարզում նոր աղբավայր կստեղծվի: Այս նպատակով ՀՀ կառավարությունը Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկից վերցնում է 3.5 մլն դոլարի վարկ: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նիստի ժամանակ տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը՝ հավելելով, որ բանկը նույնքան էլ դրամաշնորհ է տրամադրում, այսինքն՝ ընդհանուր ծրագրի արժեքը 7 մլն դոլար է:
Ըստ նրա՝ վարկառուն կլինի ՀՀ-ն, բայց վարկը կսպասարկվի Կոտայքի 7 քաղաքների կողմից: Վ.Տերտերյանը նշեց, որ աղբահանության գործող սակագների բարձրացում չի նախատեսվում, ծրագրի արդյունքում մի քանի տասնյակ աշխատատեղեր կստեղծվեն, վարչարարությունը, աղբահանությունը կլավանա: Վ.Տերտերյանի խոսքով՝ քաղաքները վարկը մարելու խնդիր չեն ունենա, գումարն էլ քիչ է:
Պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ եթե աղբը պարզապես կուտակվելու է, Սովետաշենի աղբավարը դրա լավագույն օրինակն է: Նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ չգնալ ժամանակակից տարբերակով՝ աղբը վերամշակել և ստանալ պարարտանյութ ու էներգիա, որի դեպքում կարող են անգամ բնակիչները ազատվել վճարներից:
Վ.Տերտերյանը նշեց, որ այս ծրագրով վերամշակում չի կարող լինել, քանի որ լուրջ խնդիր կա համայքների հետ, ռելիեֆը խիստ կտրտված է, ծախսածածկի հարց կա, և մոտիվացիա չկա առկա ծավալների պարագայում:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանն արձանագրեց, որ ստանալու ենք ընդամենը աղբավայր ու վարկ ենք վերցնում դրա համար: Նա հետաքրքրվեց, թե հնարավո՞ր չէր, որ միայն դրամաշնորհը վերցվեր: Նա նշեց, որ ավելի լավ է մի քիչ ուշ լինի, բայց վերամշակման ծրագիր իրականացվի: Ըստ Բագրատյանի՝ նաև մեխանիզմն անհասկանալի է, թե ինչպես պետք է վարկը վերադարձվի, քանի որ պետությունն է ՏԻՄ-երի բյուջեի մեծ մասը տալիս, իսկ քաղաքապետերը փոխվում են 4-5 տարին մեկ, ու ասենք՝ 10 տարի հետո Աբովյանի քաղաքապետը չի տա գումարը: Այդ դեպքում, ըստ նրա, պետությունը չի կարող դատի տալ քաղաքապետարանին, իսկ բանկը ՀՀ կառավարությանը կարող է դատի տալ: