Հայտնի ֆուտբոլիստների ամենատարածված մականունները
Շատ հաճախ թիմային սպորտաձևերում թիմակիցները միմյանց մականուններով են դիմում, և ֆուտբոլը բացառություն չէ: Թե՛ մարզիչներին, թե՛ ֆուտբոլիստներին ավելի հեշտ է բարդ և երկարաշունչ անուններն արտաբերելու փոխարեն՝ օգտագործել կարճ և դիպուկ մականուններ: Երկրպագուները ևս դեմ չեն լինում ստեղծել մականուններ և դրանցով դիմել ֆուտբոլիստներին: 168.am-ը ձեզ է ներկայացնում հայտնի ֆուտբոլիստների ամենատարածված մականունները:
Ուեյն Ռունի՝ Շրեկ
Անգլիացի հարձակվողն այս մականունը ստացել է հայտնի մուլտհերոսի հետ արտաքին որոշ նմանություններ ունենալու համար:
Մեզութ Օզիլ՝ Նեմո
Գերմանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը երկրպագուների կողմից այս մականունը ստացել է մեծ և արտահայտիչ աչքեր ունենալու պատճառով: Նման աչքեր ունի նաև հեքիաթային ձկնիկ Նեմոն:
Դավիդ Լուիզ՝ Պալմա
Դավիդ Լուիզին հնարավոր չէ չնկատել խաղադաշտում. սրա հիմնական պատճառը Լուիզի գանգուրներն են: Շատ աչքի ընկնող սանրվածքն էլ դարձել է Լուիզի մականվան պատճառը:
Ֆերնանդո Տորես՝ Փոքրիկ (El niño)
Չնայած իսպանացի հարձակվողն արդեն 31 տարեկան է, բայց երկրպագուները նրան դեռ անվանում են փոքրիկ: Գուցե սրա պատճառը Տորեսի՝ տարիքի համեմատ երիտասարդ տեսքն ու մանկական հայա՞ցքն է:
Ջանլուիջի Բուֆոն՝ Սուպերմեն
Իտալիայի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահը ստացել է երեխաների ամենասիրելի սուպերհերոսի մականունը: Մեկ անգամ չէ, որ Բուֆոնն օգնել է իր թիմերին՝ գործելով՝ ինչպես իսկական սուպերհերոս:
Անդրեա Պիռլո՝ Քանդակագործ
Անդրե Պիռլոյի մասին լսելիս միանգամից աչքիդ առաջ են հայտնվում նրա իրացրած փայլուն տուգանայինները և գրոսմայստերական փոխանցումները: Պիռլոյի գրեթե բոլոր հարվածները նման են արվեստի գործերի՝ քանդակների, հենց դրա համար էլ նրան երկրպագուները դիմում են՝ քանդակագործ:
Բաստիան Շվայնշտագեր՝ Խոզուկ
Բանն այն է, որ գերմանացի ֆուտբոլիստի ազգանվան մի մասը գերմաներեն նշանակում է՝ խոզուկ: Սա էլ դարձել է նրան խոզուկ կոչելու պատճառը:
Դեյվիդ Բեքհեմ՝ Սփայս բոյ (spice boy)
Աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանցից մեկը ստացել է այս մականունը, քանի որ նրա անբաժան կեսը՝ Վիկտորյա Բեքհեմը, որոշ ժամանակ հայտնի էր՝ որպես «Spice Girls» խմբի ակտիվ անդամ:
Հենրիխ Մխիթարյան՝ Մոծակ
Հենրիխ Մխիթարյանի՝ «Բորուսիա» տեղափոխվելուց հետո շատերի մոտ դժվարություն առաջացրեց Հենրիխի ազգանվան արտասանությունը: Հենց սրա պատճառով էլ բոլորը ՝ մարզիչ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ, Հենրիխին սկսեցին անվանել Մոծակ`Mücke:
Սիրարփի Աղաբաբյան