Բաժիններ՝

«Նաիրիտ» գործարանը նոր փոխտնօրեն ունի՞

168.am-ի տեղեկություններով՝ «Նաիրիտ» գործարանում նոր փոխտնօրեն է նշանակվել Պարգև Պետրոսյանը: Նա գործարանում նախկինում չի աշխատել: Այս նշանակման «հեղինակը», մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է: Սա առավել ևս տարօրինակ է, քանի որ հենց նախարարության կամ կառավարության դժգոհության արդյունքում էր, որ այս տարվա փետրվարի 6-ին աշխատակիցների, այդ թվում՝ փոխտնօրենների, մեծ մասը գործազուրկ դարձան: Թե ինչո՞ւ է չաշխատող գործարանին հարկավոր նոր փոխտնօրեն, պարզ չէ:

«Նաիրիտի» ներկայիս ղեկավար Ռուբեն Սաղաթելյանը մեզ հետ զրույցում մասամբ հաստատեց տեղեկությունը՝ նշելով, սակայն, որ Պ.Պետրոսյանը դեռ նոր պետք է նշանակվի փոխտնօրենի (ընդհանուր հարցերով) պաշտոնում: Թե ո՞վ է որոշումը կայացրել՝ Ռ.Սաղաթելյանը չպատասխանեց:

«Էդ ի՞նչ կապ ունի»,- ասաց նա: Մեր դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ գործարանը չի աշխատում, նոր նշանակումը տարակուսանք է առաջացնում, Ռ.Սաղաթելյանը հակադարձեց. «Ձեր մոտ տարակուսանք է առաջացնում, մեզ մոտ չի առաջացնում»: Նա հայտարարեց, թե գործարանում նոր փոխտնօրենի կարիք կա, ներկայումս միայն մեկ փոխտնօրեն կա և «կան աշխատանքներ, կոնկրետ հանձնարարականներով ինքը պետք է աշխատի»: Ռ.Սաղաթելյանը հրաժարվեց պարզաբանել, թե ի՞նչ մասնագետ է Պ.Պետրոսյանը, որտե՞ղ է աշխատել:

«Հարցաքննություն չենք անում: Զբաղված եմ, հետո կզանգեք»,- վրդովվեց Ռ.Սաղաթելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս