«8 տարեկանից ընկել եմ մանկատուն, տանջվել եմ»

Երբ մտա տուն-ինտերնատի դարպասներից ներս` մի կին՝ փոքրիկ մարմնով, սայլակի վրա, բայց լայն ժպիտով և փայլող աչքերով ինձ դիմավորեց: Նա ուրախ էր, որովհետև իր մոտ մարդ է եկել: Կարինեն (անունը փոխված է) մի ձեռքի օգնությամբ իր սայլակն էր առաջ տանում, իսկ մյուս ձեռքն անշարժ կրծքի վրա էր պահում: Նա 50 տարեկան է, սակայն կշռում է ընդամենը 25 կգ:

Կարինեն 18 տարեկանից ապրել է գիշերօթիկում: Անգամ տարրական կրթություն չստացած աղջկան 1988 թվականին տեղափոխել են տուն-ինտերնատ, ուր մինչ օրս ապրում է: Ծնունդով Դսեղ գյուղից է: Ծնվելուն պես ծնողներն իրեն հանձնել են մանկատուն, քանի որ Կարինեն ուներ տեղափոխման խնդիր. ոտքերը թույլ են, հյուծված, սովորականից ավելի փոքր չափերի: «8 տարեկանից ընկել եմ մանկատուն, տանջվել եմ,- լռում է, – Աստված է ինձ պահել-պահպանել»,- ասում է նա, ապա իջեցնում գլուխը: Կարինեն սիրում է հաճախել եկեղեցի: Իհարկե, դժվար է ամեն կիրակի տաքսու գումար տալ` գնալ-գալու համար: Բայց երջանիկ է, որ շաբաթվա մեջ մեկ անգամ հնարավորություն է ունենում դուրս գալ ծերանոցից. «Այնտեղ շատ տարբեր մարդկանց հետ ծանոթացա, իրենք ինձ սովորեցրին չամանչել մարդամեջ դուրս գալ»:
Իր մեծ երազանքն է՝ ճանաչել տառերը, կարդալ: Կարինեն հավատացյալ է, բայց ոչ մի անգամ չի կարդացել Աստվաշաշունչը: Պատճառը այն է, որ նա գրաճանաչ չէ: «Միշտ ուզեցել եմ սովորել, բայց առաջ մեր մանկատունն անտերանոց էր, ո՞վ էր հետևում կրթությանը»:

Կարինեն պատմում է, որ ունի երկու եղբայր, ովքեր ՌԴ-ում են, և քույր, ով խնամում է հիվանդ մորը: Ընտանիքի անդամներն այցելում են իրեն, բայց շատ ուշ-ուշ: Նա այնպիսի թեթևությամբ է պատմում իրեն լքած ընտանիքի մասին, որ տպավորություն է ստեղծվում, թե նրանք իր կողքին են, նրանք մոտ են իրեն, և նա առհասարակ նեղված չէ, որ ընտանիքն իրեն լքել է:

Կարինեն առաջին կարգի հաշմանդամ է: Ասում է. «Շատ եմ ուզում, որ ստացածս թոշակից ինձ մի քիչ տան, ձեռքի փող է, էլի»: Սակայն, ինչպես տեղեկացանք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ըստ օրենքի՝ պետության կողմից տրամադրված կենսաթոշակը Կարինեի ձեռքը կարող էր ընկնել, եթե նա ունենար աշխատանքային ստաժ: Այսինքն՝ թոշակի մի մասը, որը տալիս է պետությունը, փոխանցվում է տուն-ինտերնատի բյուջե, մյուս մասը, որը տրվում է աշխատանքային ստաժի դիմաց` իրեն: Եվ քանի որ Կարինեն ի ծնե ունի շարժողական սահմանափակումներ և ուրիշ առողջական խնդիրներ, նա երբեք չի աշխատել: Թե ինչո՞ւ չի կարողացել գտնել իրեն հարմար աշխատանք՝ մեկ այլ խնդիր է: Հարցի շուրջ պարզաբանումներ մեզ տվեցին նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից. «Նյութի հերոսուհին երբևէ չի աշխատել, հետևաբար՝ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի փոխարեն՝ նրան նշանակվում է հաշմանդամության նպաստ: Միաժամանակ «Պետական նպաստների մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ բնակչության սոցիալական պաշտպանության պետական

հաստատությունում (ծերանոց) բնակվող անձին ծերության կամ հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ չի նշանակվում և չի վճարվում»:

Իսկ հարցը, արդյոք օրենքը չի՞ խախտում մարդու իրավունքները, սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով՝ օմբուդսմենի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը պարզաբանեց. «Նշված կարգավորումը, մասնավորապես, պայմանավորված է առկա սահմանափակ պետական ֆինանսական միջոցներով, ինչպես նաև նրանով, որ պետությունն իր վրա է վերցրել նշյալ անձին խնամելու՝ կենսապահովման նվազագույն մակարդակ ապահովելու պարտավորությունը: Ուստի այդ անձի համար օրենքով չեն նախատեսվել հաշմանդամության նպաստի տեսքով հավելյալ սոցիալական երաշխիքներ»:

Ստացվում է, որ միայնակ կինը ստիպված է անցկացնել ողջ կյանքը տուն-ինտերնատում: Այս վիճակն ինձ հիշեցնում է բանտարկյալների կյանքը: Իհարկե, տուն-ինտերնատում թույլ են տալիս դուրս գալ, բայց առանց գումարի ինչպե՞ս հաշմանդամության առաջին խմբին պատկանող կինը կարող է որևէ տեղ գնալ: Մանավանդ այն պայմաններում, երբ երկրում երթուղայինները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող մարդկանց, իսկ մարդիկ դեռ լիովին պատրաստ չեն առողջ վերաբերմունք ցուցաբերել հաշմանդամություն ունեցողներին:

 

 

Տեսանյութեր

Լրահոս