Բաժիններ՝

Թույլ լսող մարդիկ Հայաստանում ապահով չեն

Արտաշես Հովհաննիսյանին հանդիպեցի ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի դիմաց: Աստիճանները բարձրանալիս նա ինձ ասաց. «Ես կարդացել եմ, որ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերն ապահով են հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, բա ո՞ւր են թեքահարթակները. չկա՛ն»: Ես ժպտացի, քանի որ չգիտեի՝ ինչ պատասխանել, իսկ նա շարունակեց. «Եվրոպայում այս խնդիրները վաղուց արդեն չկան: Շատ եմ ուզում, որ Հայաստանում ևս չլինեն»:

Արտաշեսն ի ծնե ունի չորրորդ աստիճանի ծանրալսողություն: Յուրաքանչյուր խոսքի, տառի, հնչյունի ճիշտ և պարզ արտաբերում արդյունք է իր և իր ծնողների երկար ու բարդ աշխատանքի: Արտաշեսը 29 տարեկան է: Շնորհիվ իր ձգտումների, աշխատասիրության և նպատակասլացության՝ հասել է այնպիսի բարձունքների, որոնց այն մարդիկ, ովքեր չունեն առողջական որևիցե խնդիր, սովորաբար մեծ դժվարությամբ են հասնում: Այսօր նա «Լռության ձայն» հասարակական կազմակերպության նախագահն է, որը զբաղվում է լսողության խնդիրներ ունեցող անձանց շահերի պաշտպանությամբ: «Թույլ լսող մարդիկ Հայաստանում ապահով չեն, որովհետև ամեն տեղ չի, որ թարգմանիչ կամ հարմարեցված սարքավորում կա»,- ասում է Արտաշեսը:

Աշխարհում ինովացիոն տեխնիկան թույլ է տալիս, որ թույլ լսող մարդն ունենա ճիշտ նույն հնարավորությունները, որոնք ունեն ուրիշները: Արտաշեսը երկու անգամ դիմել է Եվրախորհրդի երիտասարդական կենտրոն, որի միջոցով Եվրոպայի տարբեր երկրներում մասնակցել է փորձի փոխանակման սեմինարներին: Այստեղ ամեն տարի աշխարհի տարբեր ծայրերում բնակվող թույլ լսողություն ունեցող անձինք պատրաստ են կիսվել հաջողության հասնելու իրենց փորձով: Արտաշեսն առաջինն էր, ով Հայաստանից ներգրավվեց այս դասապրոցեսներին: Ասում է. «Ինֆորմացիոն հոսքը մեծ է, և թույլ լսողություն ունեցող մարդկանց համար համապատասխան տեխնիկան յուրաքանչյուր հաստատությունում պետք է հարմարեցված լինի, որպեսզի դա դառնա հասարակության կողմից ընդունված նորմա, ինչպես որ այլ երկրներում է: Լսողության խանգարումներ ունեցող մարդուն ևս ինֆորմացիան պետք է հասանելի լինի»:

Artashes-Gayane (5)

Այսօր Արտաշեսի միակ ցանկությունն է՝ Հայաստանում STTR (Speech to text Report) տեխնոլոգիայի ներդրումը և կիրառումը: Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս բանավոր խոսքը սղագրած տեքստի տեսքով համակարգչի էկրանին արտացոլել: Հարյուրավոր թույլ լսող մարդիկ այսպիսով կկարողանան սովորել ուսումնական հաստատություններում, աշխատել մեծ լսարաններում, մասնակցել տարատեսակ սեմինարների, դասերի, կոնֆերանսների: Քանի որ սարքի միջոցով բանավոր խոսակցությունները, քննարկումները, դասախոսությունները թույլ լսողությամբ անձինք կկարողանան միաժամանակ ընթերցել էկրանին:

Զրույցի ժամանակ Արտաշեսը պատմեց իր անցած դժվարությունների մասին՝ նշելով, որ փոքր հասակում խնդիրները շատ չեն: Իսկական խնդիրներ առաջանում են հետագայում: Եթե չլսող երիտասարդը փորձում է որևէ հասարակական ակտիվություն ցուցաբերել կամ ուսման մեջ հաջողություններ գրանցել, ապա Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ստեղծված պայմանները դա թույլ չեն տա անել: Արտաշեսը բերում է օրինակներ. «Որևէ ցուցահանդեսին, սեմինարին, ուղղակի դասապրոցեսին և այլ հավաքույթներին ելույթ են ունենում, խոսում են, սակայն ինֆորմացիան ինձ հասանելի չէ, քանի որ ես կարդում եմ շուրթերից, իսկ մեծ լսարանները ստեղծում են լրացուցիչ խնդիրներ: Կարող եմ հասկանալ, բայց չեմ լսում: Եվրոպայում և այլ զարգացած երկրներում այս հարցը շուտվանից լուծված է, և հաշմանդամ մարդիկ լիովին ներգրավված են հասարակական կյանք»:

Արտաշեսի մայրն աշխատել է դպրոցում: Նա մեծ ջանք է թափել տղայի խոսքը զարգացնելու համար: Տղան հաճախել է հանրակրթական դպրոց, թեպետ հասկացել է մարդկանց՝ միայն շուրթերին նայելով, որովհետև 15 տարի չի կրել լսողական սարք: Հարցնում եմ՝ ինչպե՞ս ես առանց լսողական սարքերի սովորել, պատասխանում է. «Ապարատներն ի՞նչ կապ ունեն, որ սովորեմ կամ՝ ոչ: Չեմ լսում, բայց հասկանում եմ: Բացել եմ գիրքը, կարդացել, հասկացել»: Գրքերի ընթերցումն օգնել է Արտաշեսին՝ հավաքել բառապաշար: Այսօր Արտաշեսը, հայերենից բացի, տիրապետում է նաև անգլերենին: Պատմում է, որ ավելի վաղ տարիքում հետաքրքրվում էր լեզուներով: «Ես փոքր ժամանակվանից շատ եմ սիրել լեզուներ: Իմ դարակներում անգլերենի, թուրքերենի, արաբերենի գրքեր կան: Իսպաներեն էլ մի քիչ գիտեմ,- նկատելով իմ զարմացած դեմքը` ժպտալով ասում է Արտաշեսը և ավելացնում,- Անգլերենի իմացությունը շատ անհրաժեշտ է: Հիմա էլ թոյֆլ եմ պարապում»:

Արտաշեսը դպրոցում սիրում էր աշխարհագրություն, պատմություն և կենսաբանություն առարկաները: Նա ուզեցել է դառնալ կենսաբան, բայց մայրը և ուսուցիչները հետ պահեցին այդ մտքից` ասելով, որ հետագայում աշխատանք դժվար կլինի գտնել: «Ես սկսեցի անհատական պարապել` ընդունելության քննությունների համար: Որոշել էի դառնալ ծրագրավորող»: Գրեթե չլսող մարդը կարողանում է հաղթահարել այն, ինչ լավ լսողությամբ երիտասարդները հաճախ չեն կարողանում կատարել: Ցածր միավորներով, սակայն սեփական ուժերով դպրոցն ավարտելուց անմիջապես հետո Արտաշեսն ընդունվում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան` ՎՏ ավտոմատացում և կառավարում բաժինը:

«Շատ դժվար էր, չէի պատկերացնում»,- անկեղծանում է Արտաշեսը և պատմում, որ լեկցիաները չէր լսում, դրա համար արտագրում էր կուրսընկերներից: Իհարկե, դժվարությամբ, բայց այսպես մագիստրատուրան ևս կարողանում է հաղթահարել: Արտաշեսը նշում է, որ աշխատանքի բացակայությունը ևս օրհասական է: Ավարտածների միայն հինգ տոկոսն է կարողանում աշխատանք գտնել, շատերն էլ հեռանում են երկրից: Այսպիսի պայմաններում թույլ լսողություն ունեցող մարդկանց համար առհասարակ գործի տեղ չկա: Արտաշեսը 2009 թվականից որպես համակարգչային ձևավորող աշխատել է «Արևածաղիկ» ամսաթերթում: Այժմ նա կամավոր զբաղվում է STTR տեխնոլոգիայի ներմուծման ծրագրի վրա: Մեծ հույսեր է կապում, որ ամեն ինչ կստացվի մտածած ձևով, և իրենից հետո եկող բազմաթիվ ուսանող-երտասարդներ այլևս չեն անցնի այն բոլոր խոչընդոտների ու դժվարությունների միջով, որով ինքն է անցել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս