Արմեն Ռուստամյանը՝ Սուրիկ Խաչատրյանի որդու մասին. «Զավակները զգում են, թե պաշտպանված են ու անպատժելիության մթնոլորտում կարող են ամեն ինչ անել»
«Ցավում եմ, որ նման իրադարձությունները շարունակում են տեղի ունենալ: Որևէ այլ մեկնաբանություն իմաստ չունի անել: Պետք է ամեն ինչ անել, որ հասկանան, որ որևէ մեկը օրենքից դուրս չի կարող գործել»,- այսօր ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա որդու շուրջ կատարվածի մասին:
Ըստ նրա՝ պետք է բացահայտել՝ ով է իրավախախտը, որ անպատժելիության օրինակ չծառայեն: Ա.Ռուստամյանը նշեց, որ որդիների վարքը կապվում է հայրերի հետ, որ վստահ են՝ ինչ էլ անեն, անպատիժ են մնալու. «Զավակները զգում են, թե պաշտպանված են ու անպատժելիության մթնոլորտում կարող են ամեն ինչ անել»: Ռուստամյանի կարծիքով՝ այս անհավասարության մթնոլորտն է նպաստում արտագաղթին:
Հարցին՝ արդյոք ՀՅԴ իշխանության օրոք դաշնակները կօգտվեի՞ն Սուրիկ Խաչատրյանի ծառայութուններից, Ա.Ռուստամյանը պատասխանեց. «Իշխանության օրոք պետք է ծառայել ժողովրդին, իշխանությունը չի տրվում նրա համար, որ օգտագործեն ի շահ իրենց ընտանիքի ու իրենց նեղ շրջապատի: Մինչև դա չհասկանանք, իշխանության ֆենոմենն էլ չենք հասկանա»:
Ըստ նրա՝ ՀՀ-ում իշխանությունը սեփական շահի համար է օգտագործվում և իրենք հենց դա են ուզում փոխել, որ իշխանությունը որևէ ուժի չպատկանի և գործի Սահմանադրության կարևոր հոդվածներից մեկը՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին:
ՀՅԴ խմակցության ղեկավարը նշեց, որ նրանք, ովքեր չեն ընդունում կոլեգիալությունը, ուրեմն՝ Սահմանադրության այդ դրույթն էլ չեն ընդունում: Նա շեշտեց, որ պետք է գտնել կոլեգիալության ձևը, որ ոչ մեկն իրեն իր տեղում իշխանիկ չզգա: Ռուստամյանը հավաստիացրեց, թե երբ իրենք իշխանության գան, դա կվերանա.
«Համակարգը պետք է այնպիսին լինի, որ հնարավոր չլինի լիազորությունն օգտագործել ի շահ իրեն: Տարբեր երկրներում կան պաշտոնյաներ, որ իրենց լիազորությունները ի շահ իրենց են օգտագործում, բայց կան դրանք հայտնաբերելու և պատժելու մեխանիզմներ»:
Ա.Ռուստամյանը դեմ արատահայտվեց իշխանության ժառանգական փոխանցմանը ու նշեց, որ վաղուց այդ ժամանակները պետք է անցած լինեին, բայց շատերը դեռ մենթալիտետով այս ժամանակների երազանքն են փայփայում: Նա նշեց, որ ՀՀ-ում, դժբախտաբար, նման իրավիճակ գոյություն ունի՝ պռոտեժեների և այլ: Սակայն, ըստ նրա, բարեփոխված համակարգի առաջին արդյունքը դա պետք է լինի, որ իշխանության «ժառանգականությունը» բացառվի:
Նա նշեց, որ կադրային քաղաքականություն չունենք, այդ քաղաքականությունը սահմանափակվում է «ԽԾԲ» շրջանակում, որից պետք է դուրս գալ ու հասկանալ, որ պետք է օգտագործենք այն ներուժը, որ ունի ամբողջ հայությունը. «Այս խնդիրը լուծում է բաց, թափանցիկ, արդար կադրային քաղաքականությունը: Քաղծառայության համակարգն այդ իմաստով պետք է վերանայվի»: Ըստ Ռուստամյանի՝ ներդրվեց այս ծառայությունը, որ լինեն քննություններ և այլն, նշանակումները լինեն որակյալ, բայց ամեն ինչ խեղաթյուրվեց ու կան շատ ճչացող օրինակներ. «Այդտեղից է ամեն ինչ սկսվում, որ կա այդ տեղը՝ կամայական որոշումներ կայացնելու, 2-3-ի մեջ ընտրելու նրան, ով ինչ-որ մեկի ծանոթն է, ոչ թե ըստ արժանիքների, կարողությունների ու բարոյական նկարագրի: Անգամ ավելի արդար է ժառանգաբար փոխանցել իշխանությունը, քան անել այդպես ու ասել այդպես չէ»: