Բաժիններ՝

«Պետք է սահմանել, որ խոշտանգման համար դատապարտվածները համաներմամբ ազատ չարձակվեն»

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը ներկայացրեց Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների նախագիծը, որով հստակեցվում են խոշտանգման համար քրեական պատասխանատվություն նախատեսող իրավակարգավորումները:

Փոխնախարարի խոսքով՝ գործող օրենսդրությամբ տուժողի կողմից բողոքի բացակայության դեպքում քրեական հետապնդում չի իրականացվում, միաժամանակ հետապնդումը դադարեցվում է, եթե խոշտանգողը և տուժողը հաշտվում են: Ըստ Թաթոյանի՝ օրենսդրական փոփոխությունների պայմաններում կապահովվի լիարժեք համապատասխանություն խոշտանգման՝ ներպետական օրենսդրությամբ և կոնվենցիայով սահմանված բնորոշումների միջև.

«Միաժամանակ, կապահովվի նաև հանցագործությունների համարժեք որակումը, որը զգալի առաջընթաց կարձանագրի նաև Եվրոպական դատարանի համապատասխան վճիռների կատարման հարցում: Նշված իրավակարգավորումը իրավական բնույթի որակական նոր հիմքերի վրա կդնի պաշտոնատար անձանց կողմից բռնությունների գործադրման դեմ պետության կողմից տարվող քրեական քաղաքականությունը»:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ՀՀ-ում նախկինում խոշտանգում հանցագործությունը կոծկել են, օրինակ՝ Չարենցավանի ոստիկանության դեպքը, երբ քաղաքացին խոշտանգումների հետևանքով մահացել էր, իսկ դատապարտվածը համաներմամբ ազատ էր արձակվել: Է.Մարուքյանը շեշտեց, որ պետք է սահմանել նաև, որ խոշտանգման համար դատապարտվածները համաներմամբ ազատ չարձակվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս