Բաժիններ՝

Ծառուկյանի բիզնեսները՝ խոշոր հարկատուների ցանկում

Այս տարվա փետրվարյան հայտնի դեպքերից` Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան կոնֆլիկտից հետո, շատերը սպասում էին, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսները լուրջ խնդիրների առաջ են կանգնելու։

Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհրդի հայտնի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ կիրառվելիք քայլերի, խոսել էր նաև հարկերի մասին։ «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները` չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին»,- ասել էր Սերժ Սարգսյանը` հորդորելով ՀՀ վարչապետին` հանձնարարել համապատասխան մարմիններին` մինչև վերջ ու մանրամասն ստուգել այս լուրերի իսկությունը և բաց ներկայացնել բոլորին։

Օրեր առաջ Ֆինանսների նախարարությունը հրապարակեց ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկը, որի մեջ մտնում են նաև Ծառուկյանին պատկանող մի շարք խոշոր ընկերություններ։ Այնպես որ, այդ ցանկի հիման վրա կարելի է կարծիք կազմել` ինչ արդյունք են ունեցել այդ ստուգումները։

Եվ այսպես, այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել Գագիկ Ծառուկյանին ամբողջությամբ կամ մասամբ պատկանող 15 ընկերություններ։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում խոշորագույնների մեջ ծառուկյանական բիզնեսների թիվը մեկ-երկուսով ավելի շատ էր (1000 խոշոր հարկատուների ցանկում էին, օրինակ, «Կլեոպատրա» խաղատունը և «Բելեցցան»)։ Նշենք նաև, որ Ծառուկյանին պատկանող մի շարք ընկերություններ նույնպես նորմալ հարկեր են մուծում, սակայն ոչ այնքան, որ տեղ գտնեն 1000 խոշոր հարկատուների ցանկում ((օրինակ` Մուլտի Գրուպ Սթոունը, Մուլտի Ռեսթ Հաուզը, և այլն)։

Ծառուկյաններին պատկանող 15 ընկերությունները միասին այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել 2 մլրդ 513.1 միլիոն դրամի հարկեր և տուրքեր` նախորդ տարվա առաջին եռամսյակի 2 մլրդ 557.7 միլիոնի դիմաց։ Այսինքն` հարկերի ընդհանուր չափը նախորդ տարվա համեմատ նվազել է 44.5 միլիոն դրամով կամ 1.7%-ով։

Ծառուկյանին պատկանող ընկերությունների թվում խոշորագույն հարկատուն շարունակում է մնալ «Օնիրա Քլաբ» ժամանցային կենտրոնը։ Հաշվետու ժամանակահատվածում այս ընկերությունը վճարել է 1 միլիարդ 182.9 միլիոն դրամի հարկեր և տուրքեր։ Թեպետ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ «Օնիրա Քլաբն» աննշան չափով` 0.3%-ով, նվազեցրել է հարկերը, այդուհանդերձ, պահպանել է 18-րդ տեղը հանրապետության խոշոր հարկատուների ցանկում։

Երկրորդ խոշոր հարկատուն «Զվարթնոց Հենդլինգն» է, որը «Զվարթնոց» օդանավակայանում զբաղվում է ինքնաթիռների վերգետնյա սպասարկման և հաշվառման ծառայությունների մատուցմամբ (սկսած օդանավերը քարշակելուց և հետհրելուց` մինչև ուղեբեռի հանձնումն ու հաշմանդամ ուղևորներին հատուկ տեխնիկայով օդանավից իջեցումը): Ընկերությունը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ` այս տարի վճարած հարկերի չափն ավելացրել է 53.3%-ով և հասցրել 503.2 միլիոն դրամի։ Արդյունքում` «Զվարթնոց Հենդլինգը» խոշոր հարկատուների ցանկում 91-րդ հորիզոնականից բարձրացել է 55-րդը։

Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը երրորդն է` 202 միլիոն դրամով։ Ու չնայած ընկերությունը 2014 թվականի առաջին եռամսյակի համեմատ 5.6%-ով քիչ հարկ է վճարել, այդուհանդերձ, խոշոր հարկատուների ցանկում առաջադիմել է 2 հորիզոնականով և հայտնվել 124-րդ տեղում։

Արարատցեմենտը հարկերը նվազեցրել է 31%-ով` հասցնելով 159.5 միլիոն դրամի, և խոշոր հարկատուների ցանկում 120-րդ տեղից նահանջել է 155-րդ տեղը։ Ար-Բե հայ բելառուսական առևտրի տունը նույնպես նահանջել է` 151-րդից 209-րդ հորիզոնականը։ Ընկերությունը 2015 թվականի առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 114.3 միլիոն դրամ, որը 34%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Մնացած ընկերությունների վճարած հարկերի մասին տվյալները ներկայացված են աղյուսակում։

carukyan-harker-2015

Ընդհանրացնելով` նշենք, որ խոշոր հարկատուների ցանկում տեղ գտած 15 ընկերություններից 9-ն այս տարվա առաջին եռամսյակում նվազեցրել են հարկերը` նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ Տոկոսային առումով հարկերի ամենազգալի կրճատումն ունեցել է «Ավիա-Սերվիսը», որը զբաղվում է զբոսաշրջությամբ, ավիատոմսերի վաճառքով և ավիաուղևորների սննդի ապահովմամբ։ Ընկերությունը 66.2%-ով նվազեցրել է հարկերը` հասցնելով 20.6 միլիոն դրամի, և 413-րդ հորիզոնականից նահանջել 987-րդ տեղը։

Հարկերի զգալի նվազում են ունեցել նաև Hyundai մեքենաների ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Մագաս-ինվեստը» (-59.2%) և ձկան կերի շուկայի առաջատարներից մեկը համարվող «Մխչյան ֆիշ ֆուդը» (-58.2%)։ Փոխարենը, ավտոմեքենաների ոլորտում գործող Ծառուկյանի մյուս ընկերությունը` Megamotors-ը, հարկերի ծավալն ավելացրել է 2.5 անգամ։ Mitsubishi-ի բացառիկ ներկայացուցիչը հանդիսացող այս ընկերությունը 2015 թվականի առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 62.1 միլիոն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25.1 միլիոնի դիմաց։

Ամփոփելով Ծառուկյանի բիզնեսների հարկային ցուցանիշները` կարելի է ասել, որ էական վայրիվերումներ և ցնցումներ չեն եղել։ Ճիշտ հակառակը` եթե ի սկզբանե սպասվում էր, որ նրան պատկանող ընկերությունների հարկային ստուգումների արդյունքում լրացուցիչ հարկային պարտավորություններ կբացահայտվեն, և Ծառուկյանների ընտանիքն ավելի մեծ գումար կվճարի բյուջե, Հարկային վիճակագրությունը վկայում է, որ նման բան տեղի չի ունեցել։ Հակառակը` հարկերը նվազել են։

Օրինակ, հայտնի դեպքերից հետո մամուլում լուրեր տարածվեցին, որ հարկայինը ստուգումներ է սկսել Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանում։ Նրա մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հաստատել էր լայնածավալ ստուգումներ անցկացնելու փաստը։ Սակայն դատելով այն հանգամանքից, որ ընկերության վճարած հարկերը ոչ թե ավելացել են, այլ հակառակը` նվազել 5.6%-ով, կարելի է ենթադրել, որ այստեղ խոշոր խախտումներ և լրացուցիչ հարկային պարտավորություններ չեն հայտնաբերվել։

Իսկ թե ինչու չեն հայտաբերվել, արդեն այլ հարց է։ Տարբերակներից մեկն այն է, որ Ծառուկյանին պատկանող ընկերությունները հնարավորինս մաքուր են աշխատում։ Հնարավոր տարբերակ է նաև այն, որ վերացել են խախտումներ հայտնաբերելու քաղաքական շարժառիթները։ Եվ վերջապես, հնարավոր է` տնտեսության առանց այն էլ անբարենպաստ վիճակը թույլ չի տալիս տուգանքներով սնանկացնել մի քանի խոշոր ընկերությունների և ավելի բարդացնել վիճակը։ Թե այս տարբերակներից որն է իրականում աշխատել, թողնում ենք ընթերցողի դատին։

Ամեն դեպքում, Ծառուկյանին պատկանող 15 խոշորագույն ընկերությունների վճարած հարկերի նվազումը 1.7%-ով համահունչ է տնտեսության անբարենպաստ վիճակին և հարկային ցուցանիշների ընդհանուր դինամիկային (նշենք, որ բոլոր 1000 հարկատուները միասին այս տարվա առաջին եռամսյակում հարկերի չափը նվազեցրել են 1.3%-ով)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս