Սերժ Սագսյանի այցն ԱՄՆ այլ նպատակ ունի
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 5-7-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ հանդիպել է Արիզոնայի սենատոր Ջոն ՄըքՔեյնին, Ռոդ Այլենդի սենատոր Ջեք Ռիդին և Նյու Ջերսիի սենատոր Ռոբերտ Մենենդեսին, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքին։
Երեկ նախատեսվում էր նաև Սարգսյանի այցը Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարան, ԱՄՆ Կոնգրեսի գրադարան։ Այցի շրջանակներում ՀՀ նախագահը կհյուրընկալվի նաև «Վաշինգտոն Փոստ» թերթի գրասենյակում, հանդիպում կունենա թերթի խմբագրական խորհրդի հետ։ Վաշինգտոնում նախատեսվում են հանդիպումներ հայկական կազմակերպությունների ղեկավարների և ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այսօր նա Վաշինգտոնի ազգային տաճարում կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջկրոնական աղոթքին և հանդես կգա ելույթով։ Աշխատանքային այցի շրջանակում Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև կստորագրվի նաև «Առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը, որը կնպաստի երկու երկրների միջև առևտրի և ներդրումների ընդլայնմանը, կաջակցի կոռուպցիայի դեմ պայքարին։
Մայիսի 8-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին։ Թեև այցի ընթացքում «Առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրի ստորագրությունը բավականին սպասված և նշանակալի իրադարձություն է կողմերի համար, շատ է քննարկվում` ինչու Սերժ Սարգսյանը Միացյալ Նահանգներում բարձրաստիճան ընդունելության չարժանացավ։
Մեզ հետ զրույցում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ մտահոգություններն այս հարցում անտեղի են։ Նրա համոզմամբ` եթե Հայաստանը նպատակ դներ ԱՄՆ-ում ավելի բարձր մակարդակով հանդիպումներ ունենալ, կհասներ դրան։ «Չեմ կարծում, որ, բնականաբար, հնարավոր կլիներ Օբամայի հետ հանդիպում, որը բացառում եմ պարզ պատճառով` Հայաստանը ԵՏՄ անդամ է։ Բայց եթե դնեին խնդիր, ես կարծում եմ, որ ԱՄՆ փոխնախագահի կամ պետքարտուղարի մակարդակով հանդիպում հնարավոր կլիներ կազմակերպել։
Իմ համոզմամբ` նման նպատակ ու խնդիր պարզապես դրված չի եղել, քանի որ Սերժ Սարգսյանի այցն ԱՄՆ այլ նպատակ ունի»,- մեկնաբանեց Ստեփան Գրիգորյանը։ Վերջինիս համոզմամբ` այցի նպատակն է` շարունակել Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի ընթացքում առաջ քաշված քննարկումները, Սփյուռքի հետ կապերն ամրապնդել, որը կարող է նաև ֆինանսական աջակցության խնդիր լուծել։
«Ակնհայտ է, որ Թուրքիայի ապակառուցողական քաղաքականության հետևանքով Հայաստանը ստիպված վերադարձավ Թուրքիայի հետ առճակատման քաղաքականությանը, ինչը նշանակում է, որ Հայաստանը Հայոց ցեղասպանության հարցում իր դիրքորոշումն ամուր կերպով առաջ է մղում։ Պարզ է, որ այդ քաղաքականությունը դուր է գալիս սփյուռքահայությանը, և ակնհայտ է, որ հենց հիմա սփյուռքահայությունը պետք է և կցանկանա աջակցել Հայաստանին։ Կարծում եմ, որ այցի գլխավոր նպատակներից է նաև Ցեղասպանության շեշտադրումներն ամրապնդելը, փոքր-ինչ փոփոխելը, այդ թվում` Միացյալ Նահանգներում այդ հարցն այլ կերպով ներկայացնելը»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։
Անդրադառնալով Վաշինգտոնում կնքվելիք համաձայնագրին` Գրիգորյանը նշեց, որ համաձայնագրին ծանոթ չէ։ Սակայն, նրա համոզմամբ, մասնագետ պետք չէ լինել` հասկանալու համար, որ նման փաստաթղթերն աշխուժություն կմտցնեն հայ-ամերիկյան հարաբերություններում։
«Բայց պետք է մենք հասկանանք, որ ԵՏՄ անդամակցությունից հետո ցանկացած այլ համակարգի հետ համագործակցությունն առևտրի, տնտեսության ոլորտում իր սահմանափակումներն է ունենալու։ Ցանկացած դեպքում դա դրական է, բայց մեծ ազդեցություն կունենա՞, թե՞ ոչ, կասկածում եմ, քանի որ Հայաստանն այլևս ԵՏՄ անդամ է»,- ասաց Գրիգորյանը։ Նա նաև բնական համարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությունը մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարեդարձի տոնակատարություններին, քանի որ Պուտինը Երևանում մասնակցեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի սգո միջոցառումներին։
Ըստ նրա, մտահոգիչ կլինի, եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական անգամ չմասնակցի մայիսի 8-ին Մոսկվայում նախատեսվող ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը, ինչպես նախորդ անգամ։ Ի դեպ, այս հարցի վերաբերյալ դեռևս պաշտոնական որևէ տեղեկատվություն չի տարածվել։ Օրերս ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է միայն հայտարարել, որ Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին պետք է լինի Մոսկվայում, որտեղ կմասնակցի ԵՏՄ անդամ երկրների նախագահների հանդիպմանը։