«Միջազգային գնահատականներում կային որակական փոփոխություններ». Լ. Ալավերդյանը՝ ԼՂՀ ընտրությունների մասին
«Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ԼՂՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին՝ նկատեց, որ գործ ունենք մի գործընթացի հետ, որը բոլորն ընդունում են՝ որպես ինքնակառավարման, ինքնակազմակերպման բնականոն ձև: Ըստ նրա՝ այդ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացողները ոչ թե պատահական, այլ իրենց երկրներում որևէ պաշտոն, ազդեցություն ունեցող մարդիկ են:
«Ավելի քան 800 մարդ եկել են ԼՂՀ, դիտարկել են և տվել են իրենց գնահատականները: Այդ գնահատականներն ունեն դրական դինամիկա: Առաջին երկու ընտրություններին կար զարմանք, որ իրենք չեն տեսնում ճանապարհներին զինվորականներ կամ զրահամեքենաներ»,- ասաց նա: Լ. Ալավերդյանի համար զարմանալի էր դիտորդների այն զարմանքը, որ կանայք հավասարապես մասնակցում էին այդ գործընթացին. «Արցախցու համար այդ զարմանքը զարմանալի է, քանի որ դա միշտ է եղել»: Նրա խոսքով՝ Արցախում ընտրություններն անցկացվել են այնքան օրինական, որ կարող են օրինակ ծառայել շատ եվրոպական երկրների համար:
«Մի բան կար, որ զարմացնում էր բոլորին՝ դեմքի արտահայտություններն այն մարդկանց, որոնք գնում էին ընտրություններին: Արցախում՝ հստակ արժանապատվության կնիքը մարդկանց դեմքերին, գեղեցիկ հագնված, կանայք՝ ինչպես կգային ինչ-որ մի միջոցառման, որը ոչ միայն պետական, այլև անձնական նշանակություն ունի, այսինքն՝ ընկալվում էր դա՝ որպես կարևոր մի գործընթաց, որտեղ ամեն մեկն իր աժանապատվությունը բարձր պահելով՝ գնում է իր ձայնը տալու այս կամ այն կողմին: Հայաստանում մենք չենք ունենում այն տոկոսը, որը կտրվի ընդդիմությանը, ինչը լինում է ԼՂՀ-ում»,- ասաց նա:
Խոսելով միջազգային գնահատականների և ընկալումների մասին՝ Լ. Ալավերդյանը նշեց, թե կա որակական փոփոխություն. «Քեթրին Էշթոնը բոլորովին անտեղի անում էր հայտարարություններ, որ՝ «մենք չեն ընդունում այդ ընտրությունները, լեգիտիմ չենք համարում»: Ես կրկնում եմ՝ դա ուղղակի մի խնդիր է, որն ունի Եվրամիությունը: Նա ժամանակին մի գործընթաց է ունեցել, որով նա եկել է նրան, որ բոլորին ճանաչելու գործընթացը գնացել է այն սահմաններում, որով իրենք մտած են եղել Սովետական Միություն: Հիմա այդ դրվածքից Եվրամիությունը չի ուզում դուրս գալ: Նրանց մոտ այն է, որ Արցախը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ: Սակայն այս անգամ նման հայտարարություն չկա: Այսինքն՝ դինամիկայի զարգացումը ես այդտեղ եմ տեսնում»: