«Լավ կլիներ՝ նախագահն այն դեսպանին հարցներ՝ օրինակ, 960 միլիոնը բերանդ լավ սրբեցի՞ր, թե՞ ինչ-որ բան մնացել է այդ 960 միլիոն վարկից». Գուրգեն Եղիազարյան

«Իհարկե, ասելիք ունի երկրի նախագահը Օբամային և՛ Ցեղասպանության կոնտեքստում, և՛ ղարաբաղյան հարցի կարգավորման կոնտեքստում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով հարցին՝ ասելիք կունենա՞, Ցեղասպանության հետ կապված՝ նախագահ Սերժ Սարգսյանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հանդիպելու դեպքում՝ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների՝ ՀՀ նախագահը ոչ պաշտոնական այցով մեկնելու է ԱՄՆ: Նույն հրապարակումների փոխանցմամբ, նախագահն ԱՄՆ է մեկնելու, որպեսզի կարողանա որոշակի միջոցներ հայթայթել սփյուռքից:

Մ. Մինասյանի խոսքով՝ ԱՄՆ-ը ունի իր դերակատարումն այս աշխարհաքաղաքական պրոցեսներում և ոչ միայն՝ մեր տարածքում. «Բնականաբար, նրա հետ քննարկելու և ասելու խնդիր կունենա: Ես համոզված եմ, որ հայ ժողովրդի, մեր պետության շահերը մեր երկրի նախագահի կողմից հստակ կդրվի և կպաշտպանվի»:

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն էլ, խոսելով Ցեղասպանության հարցում պահանջատիրության մասին, ասաց, որ «մենք 100 տարի պահանջատեր էինք, իսկ երեկ պարզվեց, որ այլևս պահանջատեր չենք և դիրքորոշում չունենք դեպի մեր անցյալը և ապագան»:

«Երբ հայտարարում ենք, որ մենք պահանջատեր չենք, պետք է մի հատ լավ մտածենք՝ ի՞նչ ենք հայտարարում: Մենք չունենք արտաքին քաղաքականություն, դա փոշիացված մի բնագավառ է: Մենք չգիտենք՝ ո՞ւր ենք գնում, ի՞նչ ենք ցանկանում: Ես չեմ կարծում՝ նախագահի և Օբամայի միջև հանդիպում կլինի, որովհետև դա պաշտոնական այց չէ, ինչքան գիտեմ: Իհարկե, լավ կլիներ՝ այն դեսպանին հարցներ (հիմա դեսպան է այնտեղ այդ տղան)՝ բա որտե՞ղ են հիմա մեր գումարները, օրինակ, 960 միլիոնը բերանդ լավ սրբեցի՞ր, թե՞ ինչ-որ բան մնացել է այդ 960 միլիոն վարկից: Լավ կլինի մեր հայրենակիցներին դիմելու փոխարեն՝ նախագահը նրան դիմի, ում դեսպան է նշանակել, այն ժամանակ մեր գումարներն ի հայտ կգան, և մեր տնտեսության ողնաշարը կուղղենք»,- հայտարարեց Գուրգեն Եղիազարյանը՝ ակնարկելով Տիգրան Սարգսյանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս