Հարավային գազային միջանցքի նախագծի իրագործումը պահանջում է 45 միլիարդ դոլար. Իլհամ Ալիև
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ելույթ է ունեցել Ասիական զարգացման բանկի Ղեկավարների խորհրդի 48-րդ տարեկան նիստում:
Իր ելույթում Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը թե՛ Եվրոպայի Խորհրդի, թե՛ Իսլամական համագործակցություն կազմակերպության անդամ է և 155 երկրների աջակցությամբ ընտրվել է ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ.
«Ադրբեջանը չունի դեպի համաշխարհային օվկիանոս ելք, ինչի համար էլ մենք հարկադրված ենք եղել կառուցել խողովակաշարարեր: Պատմության մեջ առաջին անգամ մենք Կասպից ծովը կապեցինք Սև և Միջերկրական ծովերի հետ: Էներգետիկ քարտեզն առաջինը փոխեց Ադրբեջանը:
Այսօր էներգետիկ անվտանգությունը կախված է բնական գազից, և Ադրբեջանն առաջատար երկիր է այդ գործընթացում: Մենք նախաձեռնել ենք TANAP և TAP գազատարների նախագծերը: Հարավային գազային միջանցքը խոշորագույն ենթակառուցվածքային նախագիծն է, որի իրագործումը պահանջում է 45 միլիարդ դոլար:
Երբ ավարտվի Հարավային գազային միջանցքի կառուցումը, մենք 100 տարի կլինենք Եվրոպայի ու մեր հարևանների համար էներգակիրների մատակարարներ: Մեր քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանային համագործակցության խթանմանը»: