Ամերիկացի զինվորականները ժամանել են Թուրքիա՝ սիրիացի ապստամբներին ռազմական կրթություն տալու համար

Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի բանակի հատուկ նշանակության ուժերի 40 զինծառայողներ այսօր ժամանել են Թուրքիա, ուր մասնակցելու են սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին մարզելուն: Այս մասին հայտնել են թերթի աղբյուրները, որոնց հաղորդմամբ՝ ամերիկյան զինծառայողները ժամանել են Թուրքիայի կենտրոնական հատվածում գտնվող Քըրշեհիր նահանգի Հիրֆանլը ռազմաբազա:

Աղբյուրների պնդմամբ՝ ամերիկացի զինծառայողները սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մարզումներին ձեռնամուխ կլինեն 10 օրվա ընթացքում: Դասընթացները կանցկացվեն 400-ական հոգանոց խմբերի հետ:

Փետրվարին ԱՄՆ-ը ու Թուրքիան համաձայնագիր ստորագրեցին Սիրիական ազատ բանակի մարտիկների ռազմական նախապատրաստության մասին՝ «Իսլամական պետություն» խմբավորման անդամների դեմ պայքարի համար:

Ծրագրով նախատեսվում է 2 տարում ռազմական ուսուցում տալ Սիրիական ազատ բանակի 2000 զինյալի: Նրանց սպառազինման համար զենքն ու զինամթերքը հատկացնում է ԱՄՆ-ը, իսկ ռազմական ուսուցումն իրականացնում են թուրք և ամերիկացի զինվորականները:

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը նախատեսում է 3 տարում ռազմական ուսուցում տալ և սպառազինել Սիրիական ազատ բանակի 15.000 մարտիկի: Թուրքիայից բացի, ծրագրում ընգդրկվելու են նաև Սաուդյան Արաբիան ու Կատարը:

Տեսանյութեր

Լրահոս