Բաժիններ՝

Գարիբաշվիլին ցանկանում է, որ խորհրդարանը կառավարության նոր կազմը հաստատի այս շաբաթ

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է, որ կառավարության նոր կազմում, որը Վրաստանի խորհրդարանին կներկայացվի շուտով, կընդգրկվի երկու նոր նախարար, մնացյալ նախարարները կպահպանեն իրենց պորտֆելները.

«Ես մտադիր եմ խորհրդարանին ներկայացնել կառավարության նոր կազմը: Մենք միայն երկու գերատեսչությունում կունենանք նոր նախարարներ: Նրանք կզբաղեցնեն սպորտի և շրջակա միավայրի նախարարությունների ղեկավարների թափուր պաշտոնները»: Գարիբաշվիլին երկրի նախագահին ու խորհրդարանին կոչ է արել կառավարության նոր կազմին վստահություն հայտնել ամենակարճ ժամանակահատվածում՝ մինչև շաբաթվա վերջ:

2014 թվականի հուլիսին հաստատված Գարիբաշվիլիի կառավարությունում արդեն  գրանցվել է 7 պաշտոնանկություն, ինչն էլ հանգեցրել է կառավարության հրաժարականին (20 նախարարների 1/3-ից ավելին):  Այն բանից հետո, ինչ վարչապետը կնշանակի նոր նախարարների, նախագահը կդիմի խորհրդարանին, որպեսզի տեղի ունենա քվեարկություն և վստահություն հայտնվի վարչապետի գլխավորած կառավարության նոր կազմին:

Դրա համար անհրաժեշտ է 150 հոգանոց խորհրդարանում ստանալ առնվազն 75+1 պատգամավորի աջակցություն: Գարիբաշվիլին հայտարարել է, որ կառավարությունն ունի մի շարք հավակնոտ պլաններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս