Բաժիններ՝

Խաչատուր Քոքոբելյանը դժգոհեց ՀԱԷԿ-ին վերաբերվող փաստաթղթից

Այսօր ԱԺ նիստում ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին հայ-ռուսական համաձայնագրի քննարկման ժամանակ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը դժգոհեց, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը ներկայացնում է մի ծրագիր, որում ամեն ինչ անորոշ է, թե ինչ աշխատանքներ պետք է արվեն, ինչ գումար է անհրաժեշտ դրանց համար: Ըստ Քոքոբելյանի՝ ավելի ճիշտ կլիներ բոլոր անհայտները հայտնի դառնալուց հետո ներկայացնել ծրագիրը:

«Առանց մանրակրկիտ ուսումնասիրության ներկայացվում է մի փաստաթուղթ, որտեղ որոշակի մի բան կա, որ ամեն ինչ անորոշ է»,- ասաց պատգամավորը: Ա.Գալստյանը չհամաձայնեց պատգամավորի հետ: Ըստ նրա՝ կառավարության որոշմամբ հաստատվել են միջոցառումները, օրինակ՝ կայանի վերազինման համար 30 մլն դոլար է պետք, 270 մլն-ի տակ դրված են բազմաթիվ այն միջոցառումները, որ հայտնի են:

Գալստյանը նշեց, որ հայտնի է, թե, օրինակ, ռեակտորի մետաղի զննում իրականացնելն ինչ արժե, բազմաթիվ գնահատականներ կան, կամ խիստ պահանջված միջոցառում պետք է արվի՝ հովացուցիչ աշտարակների արդիականացում, կամ տեխնիկական ջրի մատակարարման արդիականացում, կամ չափիչ սարքերը, որ բարոյապես մաշված են, պետք է փոխարինվեն: Փոխնախարարի խոսքով՝ նաև կա գնահատական, թե ինչ կարժենան այդ աշխատանքները. «Հնարավոր է, որ լրացուցիչ աշատանքներ կարվեն, կամ ստուգումից հետո կպարզվի, որ որոշ աշխատանքների կարիքը չկա, վիճակը բավարար է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս