Օսմանյան կայսրությունում հայերի սպանդի ճանաչումը խղճի հարց է. Իսրայելի նախագահ
Cursor Info լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Երուսաղեմի իր նստավայրում հանդիպել է հայկական համայնքի խորհրդի անդամների հետ՝ կապված Հայոց ցեղասպանության տարելիցի հետ:
Հանդիպման ժամանակ Ռիվլինը հայտարարել է. «1915 թվականին, երբ իրականացվեց հայերի սպանդը, Երուսաղեմի բնակիչները, այդ թվում՝ նաև իմ ծնողներն ու իմ ընտանիքի անդամները, ականատես եղան, թե ինչպես քաղաքում հայտնվեցին հազարավոր հայ փախստականներ:
Երուսաղեմն ընդունեց փախստականներին, իսկ դուք՝ նրանց սերունդները, այստեղ ապրում եք ցայսօր: Երուսաղեմում ոչ ոք չի հերքել սպանդի փաստը, ինչպես գիտեք, դա մշտապես եղել է իմ տեսակետը: Մեր խիղճը մեզ պարտադրում է ճանաչել փաստերը, որքան էլ որ դրանք լինեն սարսափելի, և ոչ թե՝ խուսափել դրանցից»: