Ուկրաինան մինչև մայիս կավարտի Հաագայի դատարան դիմելու համար փաստաթղթերի նախապատրաստումը
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը մինչև ապրիլի վերջ ավարտելու է փաստաթղթերի պատրաստումը՝ դրանք կառավարությանը հանձնելու և Հաագայի տրիբունալ դիմելու համար:
Կիևը պահանջելու է պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին, ինչպես նաև ինքնահռչակ ԴԺՀ-ին ու ԼԺՀ-ին՝ Ուկրաինայի տարածքում հանցանքներ գործելու համար: Դա մասնավորապես վերաբերում է միջազգային հումանիտար իրավունքի խախտումներին ու զանգվածային սպանություններին:
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալ Վիտալի Կասկովը հայտարարել է, որ Կիևը դեռ չի կարող փաստաթղթերը ներկայացնել Հաագայի դատարան, քանի դեռ նախագահը հրաման չի ստորագրել նրա իրավասությունը ճանաչելու մասին:
Այս տարվա մարտին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն Արդարադատության նախարարությանը հանձնարարել էր Հաագայի տրիբունալ ուղարկել «Ղրիմ. Վերադարձ դեպի հայրենիք» ֆիլմի թրեյլերը (կրճատ տարբերակը), քանի որ դրանում երևում է, որ հրաման է տրվել Ուկրաինայի տարածք Ղրիմը զավթելու և միջազգային իրավունքը խախտելու մասին: