
Թե´ Պուտինը, թե´ Օլանդը չպետք է մեկնեին Հայաստան. Էրդողան

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ կտրականապես դատապարտել է Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Ռուսաստանի ու Ֆրանսիայի առաջնորդների մասնակցությունը:
Երևանում տեղի ունեցած արարողության ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը, իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտոնական Անկարային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին 1915 թվականի դեպքերն անվանել է «ցեղասպանություն»:
Էրդողանը հայտարարել է. «Թե´ Պուտինը, թե´ Օլանդը չպետք է մեկնեին Հայաստան: Նախ նրանք պետք է մտածեին սեփական պատմության սև էջերի մասին: Վերջինը, ով կարող է խոսել ցեղասպանության մասին, Ռուսաստանը, Ֆրանսիան ու Գերմանիան են:
Հենց Գերմանիան է սանձազերծել երկու համաշխարհային պատերազմներ, որոնք հանգեցրել են անհամար աղետների»: Էրդողանը ԵՄ-ին մեղադրել է «կեղծավորության» մեջ` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: