Բաժիններ՝

«Թուրքիան պետք է իր ժողովրդին ազատագրի իր իսկ նախնիների կողմից ստեղծված կապանքներից»

Հայաստանում Բեյութի Ռադիո Սևանի ներկայացուցիչ Վարագ Սիսեռյան (լրագրող)-Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին պարզ դարձավ, որ մենք հաջողության ենք հասել ոչ թե այն պատճառով, որ Թուրքիան ձախողվել է, այլ Թուրքիան ձախողվել է իր ծրագրերը իրականացնելու մեջ, որովհետև մեզ հաջողվել է կերտել պետականություն և համախմբվել այդ պետականության շուրջ։ Մենք հաջողության ենք հասել` մեր ինքնությունը, մեր երկիրը, մեր պետականությունը եւ Սփյուռքը պահպանելու հարցում:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի այս օրերին համայն աշխարհին ցույց տվեցինք, թե միշտ չէ, որ մաթեմատիկական հաշվարկներն իրենց տրամաբանական արդյունքն են ունենում, միշտ չէ, որ ուժեղը հաղթում է սահմանափակ հնարավորություններ ունեցող կողմին։

Այո, մենք դեռևս չենք հաղթահարել Ցեղասպանության թողած հոգեբանական հետևանքները: Այո, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կան թերություններ և սխալներ, սակայն Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականությունը մինչև օրս արդյունքի չի հասել և շարունակում է նեղ կացության մատնել Թուրքիայի իշխանություններին։ Թուրքիան իր յուրաքանչյուր քայլով բախվում է աշխարհի ողջ տարածքում գտնվող հայկական դիվանագիտությանը, կուսակցությունների, տարբեր կազմակերպությունների եւ ուղղակի պարզ ժողովրդի «Պահանջելու, հիշելու և հիշեցնելու» կամքին։ Ավելին` Թուրքիան չի կարող իր արտաքին քաղաքականության դրույթները իրականացնել եւ հանգիստ քաղաքականություն վարել, որովհետեւ ամեն քայլափոխի իր դեմ են դուրս գալիս պետություններ, ժողովուրդներ, որոնք բարձրաձայնելով Հայոց Ցեղասպանության եւ Հայկական հարցի մասին, Թուրքիայի իշխանություններին եւ դիվանագիտական ներկայացուցչությանը հիշեցնում են իրենց նախահայրերի կողմից կազմակերպված Ցեղասպանությունը:

Զարգացումները ցույց տվեցին, որ Հայոց Ցեղասպանության հարցի հետ կապված հայ ժողովուրդն այլեւս ճանաչումից անցում պիտի կատարի դեպի իրավական դաշտ, որը միաժամանակ նշանակում է, որ մենք զգացականից անցում պիտի կատարենք դեպի իրապաշտ դաշտ, դեպի պահանջատիրություն եւ այս գծով իրավական թղթածրարի պատրաստությունը, ինչպես նաեւ նոր Ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ մեր աշխատանքները առաջիկայում պիտի լինեն Հայաստանի և հայ ժողովրդի առաջնահերթությունները։

Թուրքիան իր հերթին պետք է հասկանա, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը և հետևանքների վերացումը իր իսկ սեփական ժողովրդի և պետականության հզորացման և հեղինակության բարձրացման համար կենսական է, որովհետև միայն իր անցյալի սև էջերի հետ հաշտվելով է, որ պիտի հաջողությամբ կարողանա իրականացնել իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, մաս կազմի զարգացած և հեղինակություն վայելող պետությունների խմբին և պիտի ազատագրի իր ժողովրդին` իր իսկ նախնիների կողմից ստեղծված կապանքներից:

Մենք այն ժողովուրդն ենք, որ հավատում ենք արդարությանը, հավատում ենք զարգացմանը, ինչը հետևողական աշխատանքով է հնարավոր. սրանք արդեն բավարար գործոններ են` հաղթանակի հասնելու համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս