Բաժիններ՝

«Աղբի տեղն ասա՝ գրանցեմ, վաղը մաշնա կուղարկեմ». ինչպես է կազմակերպվում աղբահանությունը

Լուսանկարներում Նոր Նորք վարչական շրջանն է, ուր ամենուր թափված աղբ է: Այնինչ, վարչական շրջանի թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակից Ա. Շեկոյանը դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին մեզ հետ զրույցում ասաց, որ համայնքում աղբահանությունը կատարվում է ամեն օր, սակայն նախորդ և այս շաբաթները բացառություն են, քանի որ մինչ Լիբանանից և Շվեդիայից ներմուծված աղբատար մեքենաների աշխատելը` Նոր Նորքի աղբատարները զբաղվում են նաև Կենտրոն վարչական շրջանի աղբահանության խնդրով: Ըստ նրա՝ նոր աղբարկղերը կտեղադրվեն նաև Նոր Նորքի տարածքում, սակայն հայտնի չէ, թե ե՞րբ: Մինչ 2015թ. ավարտը ներմուծված աղբարկղերը պիտի տեղադրվեն Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ համայնքներում, իսկ Կենտրոն համայնքում արդեն տեղադրված են: Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երբեմն աղբարկղերը ոչ հարմար տեղերում են դրվում: Օրինակ, երկու աղբարկղ տեղադրված է հենց Դրամատիկական թատրոնի դիմաց:

Axb

Axb1

Տիկին Բախշյանը նշեց նաև, որ ներմուծված տեխնիկան համեմատաբար լավ է աշխատում, բայց ոչ միշտ է արդարացնում սպասելիքները. ինքն անձամբ է տեսել Աֆրիկյանների տան դիմացի աղբարկղերը, որոնք լեփ-լեցուն էին աղբով, այնինչ աղբահանության և սանմաքրման գործառույթներ իրականացնող «Sanitek s.a.r.l» ընկերության հետ կնքված պայմանագրում նշվում է, որ աղբամանները չպետք է ամբողջովին լցվեն աղբով:

Հարցին, թե ինչո՞ւ աղբատարների շուրջ թափված աղբը չի հավաքվում, Նոր Նորքի կոմունալ բաժնի աշխատակիցը պատասխանեց. «Գրանցեմ, վաղը մաշնա կուղարկեմ, կհավաքեն»: Մինչ օրս «մաշնան» չի ուղարկվել, կամ որոշ տեղերում ուղարկվելու դեպքում էլ՝ դատարկվել են միայն աղբամանները, դրանց շուրջ թափված աղբը նույն ձևով մնացել է: Սահմանված կարգի համաձայն, սակայն, աշխատակիցները, արկղերը դատարկելուց հետո, պիտի հավաքեն նաև դրանց շուրջ թափված աղբը: «Sanitek s.a.r.l» ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն` աշխատակիցները պետք է ապահովված լինեն համապատասխան արտահագուստով, կոշիկներով, անձնական պաշտպանության համար անհրաժեշտ բոլոր պարագաներով:

Axb3

Axb5

Թաղապետարանի Կոմունալ բաժնի պետ Հրայր Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե Նոր Նորքի թաղապետարանը, քաղաքապետի աջակցությամբ, հենց այդ խնդրի լուծման համար տարատեսակ քայլեր է ձեռնարկում: Եվ, թե վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հանձնարարությամբ, կոմունալ տնտեսության բաժնի անմիջական վերահսկողությամբ, վարչական շրջանում յուրաքանչյուր շաբաթ իրականացվում են սանիտարական մաքրման աշխատանքներ: Սակայն աշխատանքները դեռևս չեն հասել սպասված արդյունքի. աղբարկղերի մոտ թափված աղբը դեռ չի վերացել, ավելին՝ շատանում է:

Աղբահանության վարչությունում պնդեցին, որ բակերում թափված աղբը համատիրության խնդիրն է, իրենք զբաղվում են միայն աղբարկղերի դատարկման խնդրով: Համատիրությունը հակառակը պնդեց՝ ասելով, որ իրենք զբաղվում են միայն շենքի հետ կապված հարցերով, իսկ բակերում թափված աղբն աղբահանության վարչության խնդիրն է: Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, սակայն, նշեց, որ դա Աղբահանության վարչության խնդիրն է, համատիրության խնդիրն աղբահանության գումարները հավաքագրելն է:

Կոմունալ բաժնի պետը պնդում է, որ ստեղծված խնդրում իրենց բաժին մեղքն ունեն նաև բնակիչները, վերջիններս զլանում են աղբը գցել աղբամանի մեջ: Իսկ բնակիչները հակառակն են պնդում. աղբարկղերը ծայրից ծայր լցված են, իրենք էլ ստիպված աղբն աղբամանի կողքն են դնում: Բնակիչներից շատերն ասում են, որ մինչև աղբարկղերը չդատարկվեն, իրենք վճարումներ չեն կատարի, իսկ աղբահանության աշխատակիցները հակառակն են պահանջում: Անահիտ Բախշյանը նշեց, որ մինչև բնակիչների կողմից վճարումները չկատարվեն՝ ոչ մի ծառայություն չի կատարվի: Նա առաջարկեց վճարել և պահանջել մաքուր միջավայր: Նա նաև նշեց, որ աղբը չսահմանված տեղում թափելու համար Երևանի ավագանին սահմանել է տուգանքներ, սակայն դրանք մեծ չափերի չեն հասնում. տուգանքի առավելագույն չափը 20.000 դրամ է:

Axb2

Երբեմն աղբն այրվում է հենց աղբարկղերում, և այս անգամ էլ անտանելի հոտով ծուխը ներխուժում է բնակիչների տները: Կոմունալ բաժնի աշխատակիցը պնդեց, որ այդպես վարվում են միայն բնակիչները, աշխատակիցներն այդպիսի բան երբեք չեն անում, դեռ փնտրում են օրինախախտ բնակիչների, որպեսզի կես միլիոն դրամի չափով տուգանեն: Իսկ որոշ վարչական շրջանների բնակիչներ համոզված են, որ այրման միջոցով աղբահանության աշխատակիցները փոքրացնում են աղբի զանգվածը և այդպիսով «լուծում» տեղափոխման խնդիրը:

Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ավագանու ոչ մի նիստում աղբահանության հետ կապված հարցեր չեն քննարկվել, քննարկման առաջարկներ էլ չեն եղել, սակայն քաղաքապետարանում ամեն երկուշաբթի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ միշտ խոսվում է այդ մասին: Երևանի ավագանին ահազանգեր է ստացել, որ քաղաքում աղբահանությունը լավ չի կատարվում: Տիկին Բախշյանը, ստացած ահազանգի դեպքում, անձամբ զանգել է համապատասխան վարչություն, ու խնդիրը մի զանգով լուծվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս