Բաժիններ՝

Իտալուհիները եկել են Հայաստան՝ մասնակցելու SOAD խմբի համերգին և ծանոթանալու Հայոց ցեղասպանության հարցին

Այսօր Շահումյան հրապարակի այգում SOAD հայտնի ռոք խմբի համերգին սպասում էին նաև երկու իտալուհի տարեց կանայք: 168.am-ի հետ զրույցում կանանցից մեկը՝ Մարիան, պատմեց, որ ինքը սոցիոլոգ է և օրերս է Իտալիայից եկել Հայաստան՝ հիմնականում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համար: Նա նշեց, որ շատ է հետաքրքրված Հայաստանով և հատկապես՝ Ցեղասպանության հարցով:

Նա նշեց նաև, որ շատ է կարդացել Հայաստանի և հայերի մասին, բայց դեռ հայ ընկերներ չունի, քանի որ առաջին անգամն է այստեղ: Իտալուհին հույս ունի, որ շատ ավելի տեղեկություններ կիմանա Ցեղասպանության և հայերի մասին:

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ սկսվեցիք հետաքրքրվել Հայաստանով և հայերով, Մարիան պատասխանեց, թե քանի որ մասնագիտությամբ սոցիոլոգ է, սկսել է ուսումնասիրել ընդհանրապես ցեղասպանության թեմաները, և այդպես է իմացել Հայոց ցեղասպանության և հայերի մասին:

Նրա խոսքով՝ մինչև վերջերս Իտալիայում քչերը գիտեին հայերի և Հայոց ցեղասպանության մասին, բայց այս վերջին շրջանում տեղեկությունները շատացել են:

Իտալուհիներն ասացին, որ այսօր մասնակցելու են SOAD խմբի համերգին, իհարկե, նրանք խմբի բոլոր երգերը չգիտեն, բայց գիտեն խմբի մասին:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:
Լուսանկարը՝ Ամալի Խաչատրյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս