Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական պատգամ հղեց
Մայր Աթոռում ընթացող Սրբադասման արարողության ժամանակ քիչ առաջ հայրապետական պատգամ հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Դիմելով հավաքված բազմությանը` Ամենայն Հայոց կաթողիկոսը մասնավորապես ասաց. «Մենք ամենքս այսօր ականատեսն ենք մեր պատմության հոգևոր վերափոխման, որին մասնակից ենք թե՛ հավաքաբար, և թե՛ անհատաբար:
Ցեղասպանության նահատակների սրբադասումը կենդանարար նոր շունչ, շնորհ և օրհնություն է բերում եկեղեցական և ազգային մեր կյանքում: Մենք հավատում ենք, որ մեր ժողովրդի հոգևոր նոր վերածննդի պսակն ենք հյուսում` Հայոց Ցեղասպանության նահատակներին սրբադասելով: Մեր սուրբ նահատակների հիշատակն այլևս ոչ թե զոհի ու ննջեցյալի հոգեհանգստյան աղոթք է, այլ՝ հաղթանակած ու նահատակության արյամբ սրբագործված անմարմին զինվորների հաղթական օրհներգություն: Այսօր մեր սուրբ նահատակների հավատքի և հայրենյաց սիրո ջերմեռանդ ոգին տարածվում է Դեր Զորից մինչև Սուրբ Էջմիածին և Ծիծեռնակաբերդ, նորանկախ Հայաստանից մինչև աշխարհասփյուռ հայ կյանքի վերածնված անդաստաններ՝ զորացնելով ապրելու անխախտ հավատքով, մեր կյանքի վերազարթոնքի պայծառ տեսիլքով և մեր արդար դատի պաշտպանության աներկբա կամքով…»:
Այս պահին հնչում է Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ի հայրապետական պատգամը: