The New York Times-ը հրաժարվել է հրապարակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքերի հայտարարությունը

Daily Sabah-ի փոխանցմամբ՝ ամերիկյան The New York Times թերթը հրաժարվել է հրապարակել 1915 թվականի վայրագությունների վերաբերյալ Թուրք-ամերիկյան ղեկավար հանձնաժողովի հեղինակած հաշտեցման ու խաղաղության մասին հայտարարությունը, քանի որ դրանում չի ճանաչվել Հայոց ցեղասպանությունը:

Այս մասին վկայել են ամերիկյան թերթի գովազդի բաժնի և Թուրք-ամերիկյան ղեկավար հանձնաժողովի միջև նամակագրությունները: Փոխարենը՝ այդ հայտարարությունը հրապարակվել է ամերիկյան The Washington Post թերթում:

Հայտարարությունն իրենից ներկայացնում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու կոնգրեսականներին հասցեագրված բաց նամակ՝ նրանց  իրազեկելով այն մասին, որ Թուրք-ամերիկյան ընկերակցությունն ապրիլի 24-ին երթ կանցկացնի Վաշինգտոնի կենտրոնում՝ սկսած Սպիտակ տնից և վերջացրած Թուրքիայի դեսպանատնով. «Մեր ամենաանկեղծ հույսն այն է, որ երթի ընթացքում մեզ կմիանան ամերիկահայերը: Մենք հարգանքի տուրք են մատուցելու բոլոր ազգությունների ու դավանանքների հետևողների շրջանում գրանցված զոհերին»:

Սակայն The New York Times-ի խմբագրությունը Թուրք-ամերիկյան ղեկավար հանձնաժողովից, որն իրենում ներառում է ավելի քան 145 թուրք-ամերիկյան ասոցիացիա, պահանջել է, որ հանվեն նամակի 5 կետերից 3-ը, որոնք 1915 թվականի դեպքերը պատկերում էին՝ որպես քաղաքացիական ողբերգություն, որը խլեց օսմանյան միլիոնավոր քաղաքացիների կյանքեր, ներառյալ՝  հայերինը, թուրքերինը, քրդերինը և արաբներինը:

The New York Times-ի գովազդի բաժնի ղեկավար և քարոզչության համար պատասխանատու տնօրեն Մայքլ Հայդենը հայտարարել է, որ իրավաբանների իր թիմը նամակից հանել է առաջին 3 անընդունելի կետերը:

Հայդենը մանրամասնել է, որ իրավաբանները ցանկացել են էլեկտրոնային նամակից հանել «Միավորեք մեզ և ոչ թե բաժանեք» կարգախոսը և 5-րդ կետում տեղ գտած հետևյալ առաջարկը. «100 տարի առաջ ո՛չ թուրքերի, ո՛չ էլ հայերի սկսած դաժան պատերազմը խլեց օսմանյան հայերի, օսմանյան թուրքերի և շատ այլ խմբերի կյանքեր»:

The New York Times-ը հասկացնել է տվել, որ նամակի հրապարակման համար անհրաժեշտ է, որ այն ենթարկվի փոփոխության: Հայդենը բացատրել է, որ իրենք չեն ընդունում այնպիսի հայտարարություններ, որոնք հերքում են պատմական մեծ իրադարձությունները, ներառյալ՝ Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստն ու Առևտրի համաշխարհային կենտրոնների պայթեցումը:

Տեսանյութեր

Լրահոս