Հռոմի պապի հայտարարությունը նոր քայլ է Ցեղասպանության ճանաչման գործընթացում. Ֆրանսուա Ռոշբլուան
«Հայ-թուրքական արձանագրությունները կարևոր հանգրվան էին Հայաստանի և Թուրքիայի համար»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի ղեկավար, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը:
Նա նշեց, որ Հայաստանում կայացած երկօրյա ֆորումը հզոր մի միջոցառում էր, քանի որ միավորել էր բոլոր երկրների խորհրդարանների ներկայացուցիչներին ու մասնագետներին, որոնք իրենց հերթին՝ հանդես եկան ազդեցիկ ելույթներով: «Շատ կարևոր էր Բուլղարիայի խորհրդարանի ներկայացուցչի ելույթը: Մեր` ֆրանսիացիներիս, վերաբերմունքի մասին գիտեք: Մենք համոզված ենք, որ աստիճանաբար բոլորը կսկսեն գործել այնպես, ինչպես մենք ենք գործում: Վստահ եմ, որ Հռոմի պապի հայտարարությունը մի նոր սկիզբ է, նոր քայլ է հայերի Ցեղասպանության ճանաչման գործընթացում, շատ կարևոր սկիզբ է, որը պետք է բաց չթողնենք, ավելին՝ շարժվենք առաջ: Սա իմ քսանիներորդ այցելությունն է Հայաստան՝ 1990 թվականից սկսած: Եկող շաբաթ ես գնալու եմ Ղարաբաղ՝ հետևելու Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններին»,- ասաց Ռոշբլուանը: Հարցին, թե չի՞ վախենում արդյոք հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում, ասաց, որ արդեն իսկ ընդգրկված է այդ ցուցակում:
Անդրադառնալով Գերմանիայի Բունդեստագում քննարկման պատրաստվող Հայոց ցեղասպանության մասին բանաձևին, Ռոշբլուանն ասաց, որ կարևոր է, որ Գերմանիան հնչեցրեց «ցեղասպանություն» բառը:
«Ափսոսում եմ, որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, քանի որ զանգն արդեն հնչել է: Թուրքիան ոչ մի հակառակ քայլի չպետք է գնա, քանի որ ողջ աշխարհն արդեն ընդունում է Ցեղասպանությունը, դրանից հետևություններ պետք է անի:
Մի օր Թուրքիան ճանաչելու է Ցեղասպանությունը»,- ասաց ֆրանսիացի պատգամավորը: Վերջինս նաև նշեց, որ Հայ-թուրքական արձանագրությունները կարևոր հանգրվան էին Հայաստանի և Թուրքիայի համար, Հայաստանն իրեն այդ հարթությունում շատ ճիշտ էր դրսևորում: «Ցավոք սրտի, Ադրբեջանն ազդեց, և Թուրքիան չընդունեց արձանագրությունները, դրանք շատ կարևոր էին և՛ սահմանի բացման, և՛ հաշտեցման տեսանկյունից»,- ասաց Ռոշբլուանը: