
Գյումրիում կինն իր տնակը տրամադրել է մարմնավաճառներին՝ սեռական հարաբերություն ունենալու համար. նրանցից մեկը հղի է եղել

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ կինը մեղավոր է ճանաչվել պոռնկությանը նպաստելու մեջ՝ դատապարտվելով 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից 2 տարի ժամկետով:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գույքային օգուտ ստանալու նպատակով՝ նպաստել է 3 մարմնավաճառների, այդ թվում՝ հղի կնոջ պոռնկությամբ զբաղվելուն` այդ նպատակով Գյումրի քաղաքի տնակը որպես կացարան պարբերաբար տրամադրել է վերջիններիս ու տնակ եկած անծանոթ հաճախորդների` սեռական հարաբերություն ունենալու համար, իր ծառայությունների դիմաց յուրաքանչյուր անգամ նրանցից որպես վարձավճար ստացել է 2.000-3.000 դրամ գումար:
Ըստ ընդհանուր իրավասության դատարանի վճռի՝ ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դատական նիստում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ընդունել է մեղքը և զղջացել է կատարածի համար: Մինչ դատաքննություն սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, և համաձայն է մեղադրանքի հետ:
Պատիժ սահմանելիս դատարանը հաշվի է առել ամբաստանյալի կատարած հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, ինչպես նաև ամբաստանյալի անձը, որ նա վատառողջ կին է, հարևանների կողմից բնութագրվել է դրական, մեղքն ընդունել է և զղջացել է կատարածի համար: