15-րդ դարից հետո այսօր առաջին անգամ հայ իրականության մեջ կատարվելու է սրբադասում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս պահին կազմակերպչական ու անվտանգության ապահովման միջոցառումներ են ընթանում` հայ իրականության մեջ տեղի ունեցող աննախադեպ իրադարձությունից` Հայոց Ցեղասպանության զոհերի հավաքական սրբադասման արարողությունից առաջ:
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ 15-րդ դարից հետո այսօր առաջին անգամ հայ իրականության մեջ կատարվելու է սրբադասում, որը վերականգնելու կարգը հաստատվել է 2014-ի նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Եպիսկոպոսների ժողովի ժամանակ: Սրբադասման հանձնախումբը հաստատել է ամբողջ ծիսակարգը, որ կիրառվելու է այսօրվա արարողության ժամանակ` ընտրվել է Սրբոց Նահատակաց սրբապատկերը, շարակնոց կանոնը եւ այլն: Հետագա բոլոր սրբադասումները հայ եկեղեցում կատարվելու են արդեն հաստատված կարգով:
Աշխարհի բազմաթիվ երկրներից այս օրերին Հայաստան ժամանած աշխարհիկ ու հոգևոր բարձրաստիճան պատվիրակությունները ներկա են լինելու սրբադասման արարողությանը, որը ուղիղ եթերով հեռարձակվելու է հեռուստատեսությամբ, ժողովուրդը նաև հնարավորություն է ունենալու արարողությանը մասնակից լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եւ այն դիտել Մայր Աթոռի բակում տեղադրված էկրանների միջոցով` ժամը 17:00-ից սկսած: Արարողությունը ցուցադրվելու է նաև Հանրապետության հրապարակում տեղադրված էկրանների վրա: Սրբադասման արարողությունն ավարտվելու է ուղիղ ժամը 19:15-ին` խորհրդանշելով 1915 թվականը:
Հայ եկեղեցու սպասավորները վեցդարյա ընդմիջումից հետո սրբադասման կարգի վերականգնումը մեր եկեղեցում համարում են շրջադարձային ու պատմական մեծ ու աննախադեպ իրադարձություն:
Մեր եկեղեցին վերջին անգամ սրբադասել է Հովհան Որոտնեցուն և Գրիգոր Տաթևացուն: