
«Եվրոպացիներս գիտենք, որ կարող ենք կերտել ապագա՝ թիկունքը շրջելով դեպի անցյալը». Ռիչարդ Չառնեցկի

«Մեկ հարյուրամյակ առաջ հայերը սպանվեցին միայն հայ լինելու համար»,-այսօր Երևանում մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ ֆորումի ընթացքում այս մասին հայտարարեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին՝ փոխանցելով ԵԽ ուղերձը հայ ժողովրդին: Նա նշեց, որ այսօր Երևանում է՝ ներկայացնելով ԵՄ-ն, Եվրոպական խորհրդարանը:
Չառնեցկին ասաց, որ ազգությամբ լեհ է, ազգ, որը հասկանում է այլ ազգերին, որոնց համար ազգային հպարտությունը կարևորագույն արժեքներից մեկն է:
«ԵԽ անունից, որն ընտրվում է քսանութ պետություններում, հինգ հարյուր միլիոն քաղաքացիների անունից, ցանկանում եմ հարգանքի խորագույն տուրք մատուցել հայ ժողովրդին, որոնք վերապրել են Ցեղասպանությունը՝ ազգային մեծագույն ողբերգություն: Ցեղասպանություն, ազգային ողբերգություն, որն աշխարհի պատմության ժառանգության կաևոր մասը եղավ: Ինձ ծանոթ է այս զգացումը, որովհետև իմ ժողովուրդը ևս ունեցավ Ցեղասպանության կենսափորձ Նացիստական Գերմանիայի և ԽՍՀՄ կողմից:
Նման տառապանք ունեցած մարդիկ հասկանում են նման տառապանք ապրած այլ ազգերին և ժողովուրդներին: Մեկ հարյուրամյակ առաջ հայերը մահացան միայն հայ լինելու համար, միայն քրիստոնյա լինելու պատճառով, հիացմունքով եմ հայացքս հառում առ հայ ժողովուրդ, որը հպարտ է իր պատմական մեծագույն ժառանգությամբ: Հայերդ, մենք՝ լեհերս, երոպացիներս, գիտենք, որ կարող ենք կերտել ապագա՝ թիկունքը շրջելով դեպի անցյալը: Այս ժողովը պետք է կոչ ուղղի համայն աշխարհին, նրանց, ում ձեռքերում է Ձեր երկրի ապագան, իմ երկրի ապագան, Եվրոպայի ապագան, աշխարհի ապագան»,- ասաց ԵԽ փոխնախագահը՝ հավելելով, որ իր համար մեծ պատիվ է այդ ամբիոնից ելույթ ունենալը: ԵԽ փոխնախագահն իր խոսքն ավարտելով՝ նշեց, որ մեծ պատիվ է իր համար, որ միասին կարող են հարգանքի տուրք մատուցել նահատակված հայերի հիշատակին: