Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության հարցում Օբամայի դիրքորոշումը չի փոխվել
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Սյուզան Ռայսի հետ:
Հանդիպումներից հետո պատասխանելով թուրքական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության (իր իսկ խոսքերով՝ 1915 թվականի դեպքերի) հարցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել:
Չավուշօղլուն հայտարարել է, որ այդ հարցը քննարկել է Ջոն Քերիի հետ և նրան հիշեցրել է, որ նախորդ տարի Թուրքիայի տվյալ ժամանակվա վարչապետ Ռեջեփ Էրդողանը, իսկ այս տարի էլ՝ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ուղերձներ են հղել հայկական կողմին՝ դրանք որակելով՝ որպես «Թուրքիայի կողմից բարի կամքի դրսևորում»:
Չավուշօղլուն հայտարարել է, որ «Թուրքիան ցանկանում է երկու երկրների միջև խնդիրների լուծում, հաշտվելու մասին ազդանշաններ է հղում, սակայն միակողմանի այդ ջանքերն արդյունք չեն տալիս»: Չավուշօղլուն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի ղեկավարության դիրքորոշման մեջ չեն գրանցվել լուրջ փոփոխություններ, ինչը կերևա ապրիլի 24-ին Օբամայի հայտարարության ժամանակ: