Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքը վերսկսել է Եմենի ռմբակոծությունները
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ արաբական դաշինքը Եմենում ռազմական գործողության ավարտից րոպեներ առաջ վերսկսել է մայրաքաղաք Սանայում և խոշորագույն նավահանգիստ Ադենում գտնվող ռազմական օբյեկտների ռմբակոծությունները:
Այս մասին հայտարարել է Եմենի հրամանատարության ներկայացուցիչ Հալիդ Ջաբրը: Դաշինքի հայտարարության համաձայն՝ Եմենի տարածքում գտնվող օբյեկտներին հասցվող ավիահարվածները պետք է դադարեցվեին ապրիլի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 00.00-ին:
Ապրիլի 21-ին Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքը հայտարարել էր Եմենում «Վճռականության փոթորիկ» ռազմական գործողության ավարտի մասին՝ հայտարարելով, որ դաշինքը Եմենում հասել է իր նպատակներին և որ այժմ սկսվելու է նոր գործողություն, որը ստացել է «Հույսի վերածնունդ» անվանումը:
Այն միտված է լինելու անվտանգության ապահովմանը, ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելուն: Եմենի շիա ապստամբները հայտարարել են, որ քաղաքական բանակցություններ չեն վարում և չեն վարելու Եմենում ռազմական գործողություններ իրականացնող երկրների դաշինքի հետ: