
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ԼՂՀ ՊԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ հայկական ուժերը ձեռնարկել են դիվերսիոն գործողություն և արդյունքում տվել 5 զոհ և 10 վիրավոր, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է ադրբեջանական քարոզչության տարածած տեղեկատվությունը՝ այն որակելով ոչ այլ կերպ, քան այսօր՝ ապրիլի 21-ի գիշերը իր իսկ կողմից շփման գծի հյուսիսարևելյան /Սեյսուլան/ ուղղությամբ ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում կրած սեփական կորուստները քողարկելու անհույս փորձ:
ՊԲ առաջապահ ուժերը վստահորեն շարունակում են իրականացնել իրենց մարտական դիրքերի պաշտպանությունը և անհրաժեշտության դեպքում դիմում կանխարգելիչ գործողությունների:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն