ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ հրապարակել է ռուսական նոր Տ-14 «Արմատա» տանկի լուսանկարները
Newsru.com-ի փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ-ն առաջին անգամ հրապարակել է ռուսական նոր Տ-14 «Արմատա» տանկի լուսանկարը, որը պետք է դառնա մայիսի 9-ին Կարմիր հրապարակում անցկացվելիք զորահանդեսի հպարտությունը: Հաղորդագրության մեջ նշված է, որ նախատեսված է, որ Տ-14 «Արմատան» կդառնա Ռուսաստանի ցամաքային զորքերի հիմնական տանկը:
Նախորդ ամիս համացանցում հայտնվել էին տանկի ոչ պաշտոնական լուսանկարները և անգամ նրա մասին տեսանյութ: Տանկի մշակմամբ զբաղվել է «Ուրալվագոնզավոդը»: Մեքենայի առաջին փակ ցուցադրությունը տեղի է ունեցել 2013 թվականին, Նիժնի Տագիլի ցուցահանդեսի ժամանակ:
2015 թվականի ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ մայիսի 9-ի զորահանդեսի շեմին 12 նոր տանկեր փորձարկում են անցնում մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում:
Մամուլի գնահատականներով՝ մեկ տանկի գինը կարող է կազմել մոտ 400 միլիոն ռուբլի: Պլանավորված է մինչև 2020 թվականն արտադրել 2300 միավոր: Տանկի փորձարկումները կավարտվեն 2016 թվականին, ինչից հետո դրանք կմատակարարվեն զորքերին:
Հրապարակված պաշտոնական և ոչ պաշտոնական լուսանկարներում աչք է զարնում այն, որ տանկի աշտարակը քողարկված է ծածկոցով, ինչը հավանաբար արվել է գաղտնիության պահպանման համար: