Թուրքիան հրապարակել է Գալիպոլիի միջոցառումներին սպասվող հյուրերի ցուցակը
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի կապակցությամբ ապրիլի 24-25-ին անցկացվելիք միջոցառումներին կմասնակցի 21 երկրի առաջնորդ: Օտար երկրներն այդ միջոցառումներին կմասնակցեն նախագահի, խորհրդարանի նախագահի, փոխնախագահի, վարչապետի, նախարարի ու դեսպանի մակարդակով:
Մասնավորապես, միջոցառումներին մասնակցելու են Ուելսի արքայազն Չարլզը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը, Կատարի էմիր Թամին բին Համադ Էլ Սանին, Սիրիայի ազգային խորհրդի նախագահ Հալիդ Հոջան:
Բացի այդ, մասնակցելու են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից Հելեն Կլարկը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը, Իսլամական համագործակցություն կազմակերպությունից՝ Իյադ Էմին Մեդենին, և այլք:
Նախագահի մակարդակով միջոցառումներին մասնակցելու են նաև Ալբանիան, Բոսնիան, Ջիբութին, Հարավային Սուդանը, Չադը, Իռլանդիան, Մոնտենեգրոն, Կոսովոն, Մակեդոնիան, Մալին, Նիգերը, Պակիստանը, Սոմալին, Սլովենիան, Սենեգալը:
Վարչապետի մակարդակով մասնակցելու են Ավստրալիան, Նոր Զելանդիան, Մոլդովան, Ռումինիան: Նախարարի մակարդակով կմասնակցեն Բահրեյնը, Ֆրանսիան (պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիան), Գաբոնը, Գանան, Գվինեան, ՀԱՀ-ը, Հարավային Կորեան, Վրաստանը (պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձե), Խորվաթիան, Հնդկաստանը, Լիտվան, Լիբանանը, Կանադան, Մոնղոլիան, Մավրիտանիան, Մոզամբիկը, Սինգապուրը, Տաջիկստանը, Թունիսը, Վիետնամը:
Խորհրդարանի նախագահների մակարդակով մասնակցելու են Ալժիրը, Ռուսաստանը (Սերգեյ Նարիշկին), իսկ փոխնախագահի մակարդակով՝ Աֆղանստանը, Գամբիան, Զամբիան: Դեսպանների մակարդակով միջոցառումներին ներկայացված կլինեն Ավստրիան, Բելգիան, Բրազիլիան, Էստոնիան, Ճապոնիան, Ղազախստանը, Մալազիան, Մյանմարը, Սլովակիան, Սաուդյան Արաբիան և Օմանը:
Տարբեր գերատեսչությունների ղեկավարների տեղակալների ու քարտուղարների մակարդակով Դարդանելի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու են Գերմանիան, Բանգլադեշը, Պաղեստինը, Իտալիան, Լիտվան, Մեքսիկան և Հորդանանը: