
CTV-ն կապահովի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների օնլայն հեռարձակումը

Կարևորելով Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը և միանալով պատմական արդարության համար մղվող` «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով պայքարին՝ CTV-ն իր աջակցություն է ցուցաբերում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մասին տեղեկատվության տարածման նախաձեռնությանը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ ապրիլի 22-ից 24-ը CTV-ն բացառիկ իրավունքով կիրականացնի Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների օնլայն հեռարձակման տեխնիկական ապահովումը և հնարավորություն կտա բոլորին օնլայն դիտելու Սուրբ Էջմիածնում Հայոց Ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը, Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը, Հանրապետության հրապարակում SOAD խմբի համերգը և մյուս բոլոր միջոցառումները:
CTV-ի կողմից ստեղծված հատուկ պորտալի միջոցով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին կարելի է հետևել ինչպես CTV-ի կայքում (www.ctvarmenia.com), այնպես էլ մոբայլ սարքերի և Smart TV-ների համար նախատեսված հավելվածի միջոցով:
CTV ինտերակտիվ հեռուստատեսության ծառայության հավելվածը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթոնների և պլանշետների, նաև՝ Samsung և LG ընկերությունների արտադրության Smart TV-ների համար: