Իմ բազմամյա փորձը վկայում է, որ Օբաման այս անգամ էլ չի օգտագործի այդ բառը. Վոլքան Բոզքըր

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար և ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության հարցերով գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ապրիլքսանչորսյան ելույթում չի արտաբերի «ցեղասպանություն» եզրույթը.

«Իմ այսքան տարիների փորձը վկայում է, որ ԱՄՆ նախագահը չի օգտագործի այդ (ցեղասպանություն) բառը: ԱՄՆ-ը գերտերություն է և պետք է ուշադրություն հատկացնի մեր երկրի կարևորության վրա: Ես ենթադրում եմ, որ ԱՄՆ նախագահը չի օգտագործի ցայժմ չօգտագործված և պատմական իրողություններից լրիվ հեռու այդ բառը:

Դեռ 2-3 օր կա: Մեր արտգործնախարարն այդ թեմաներով Ամերիկայում է: Իմ այսքան տարիների կուտակած փորձը վկայում է, որ ԱՄՆ նախագահն այս անգամ էլ չի օգտագործի այդ բառը: Կարծում եմ, որ օգտագործման դեպքում վնաս կկրի թե՛ տարածաշրջանի, թե՛ աշխարհի խաղաղությունը, թե՛ շատ սխալ ուղերձ կհղվի ապագա սերունդներին:

Հայ քաղաքացիները Թուրքիայի Հանրապետության մի մասն են, որոնց մշտապես հարգել են և հպարտացել: Թուրքիայում բնակվող և հայկական ծագում ունեցող քաղաքացիները հազարամյա պատմության մասնիկն են, որոնց հետ առկա է ընդհանուր պատմություն ու մշակույթ:

Վարչապետ Ահմեդ Դավութօղլուի երեկվա հայտարարությունը (ապրիլքսանչորսյան ուղերձը) հանրապետության պատմության ամենակարևոր հայտարարություններից մեկն է:

Նախորդ տարի մեր նախագահի, ով տվյալ ժամանակ վարչապետ էր, արած հայտարարության, այս տարվա հունվարի 24-ին և երեկ մեր վարչապետի արած հայտարարությունների հիմքում ընկած են եղել բարեկամության ձեռք պարզելը: Հուսով ենք, որ համայն աշխարհում ճիշտ կհասկանան այդ ամենը»:

Տեսանյութեր

Լրահոս