Վրաստանը Հայաստանի հետ հարաբերությունները վտանգի տակ չի դնի հանուն Ադրբեջանի և Թուրքիայի. Սոսո Ցինցաձե

«Վրաստանը փորձում է պահել հավասարակշռությունը տարածաշրջանային բոլոր երկրների միջև»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքագետ, Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն` անդրադառնալով ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին Վրաստանի ներկայացվածության մակարդակին: Հայտնի է, որ Թբիլիսին ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին ներկայանալու է խորհրդարանի փոխխոսնակի մակարդակով։

Ըստ վրացական լրատվամիջոցների, նույն օրը Թուրքիայում անցկացվելիք Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին Վրաստանը կներկայացնեն պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն և խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին։ Տեսակետներ են շրջանառվում, թե Վրաստանի ներկայացվածության մակարդակը չի համապատասխանում հայ-վրացական հարաբերություններին:

Անդրադառնալով այս մտահոգություններին` Սոսո Ցինցաձեն ասաց, որ Վրաստանը մշտապես փորձում է պահպանել հավասարակշռություն Հայաստանի և Ադրբեջանի միջև, հաշվի առնելով ԼՂ հակամարտությունը, Հայաստանի և Թուրքիայի միջև` հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունները:

Ըստ նրա` դա հեշտությամբ չի տրվում պաշտոնական Թբիլիսիին, քանի որ երեք երկրների հետ Թբիլիսին ունի լավ հարաբերություններ ու որևէ կողմի հետ չի փորձում զարգացնել հարաբերություններ մյուս կողմի հաշվին: Քաղաքագետի համոզմամբ, խորհրդարանի փոխխոսնակը բավականին ներկայացուցչական մակարդակ է Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների մասնակցության համար:

«Անկախ Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան համագործակցային ձևաչափերի խորությունից, Վրաստանը Հայաստանի հետ եղբայրական հարաբերությունները պահպանում է, դրանք երբեք վտանգի տակ չեն դրվում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման համար: Վրաստանը ջանացել է նախկինում, ու դա հաջողվել է, չմիջամտել տարածաշրջանային հակամարտություններին, այլ որպես հաշտարար հանդես գալ:

Տարածաշրջանում ցանկացած ռազմական գործողության վերսկսում ձեռնտու չէ Վրաստանին, քանի որ Վրաստանում կա և ադրբեջանական, և թուրքական, և հայկական բավականին մարդաշատ համայնք, իսկ լարվածությունն այս երկրների միջև կանդրադառնա Վրաստանում կապակայունացնի իրավիճակը: Հայաստանը ևս Վրաստանի նկատմամբ այդպիսի քաղաքականություն է վարել, ունենալով ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ, որի հետ Վրաստանը դիվանագիտական հարաբերությունները խզել է դեռևս 2008թ.»,- պարզաբանեց Սոսո Ցինցաձեն: Նրա համոզմամբ, շատ բան է կախված Հայաստանի և Վրաստանի իշխանությունների ողջամտությունից, իսկ նրանք կարծես կարողացել են պահպանել ողջամտությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս