Արևմուտքը սխալվել է Սիրիայի հարցում, մենք չենք սպանել գեթե մեկ եվրոպացու. Ասադ
France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ սիրիական ու ֆրանսիական հատուկ ծառայությունների միջև առկա են շփումներ և տեղեկատվության փոխանակում: Նա պարզաբանել է, որ խոսքը գնում է ոչ թե երկու հետախուզությունների համագործակցության, այլ՝ ֆրանսիական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ առանձին շփումների մասին:
Սիրիայի առաջնորդն ընդգծել է, որ այդ ամենին սկիզբ է դրել ֆրանսիական հետախուզության ներկայացուցչի այցը Սիրիա, և ոչ թե Սիրիայի ներկայացուցիչներն են մեկնել Ֆրանսիա. «Համագործակցության վերականգնման համար ֆրանսիացիները պետք է համոզեն, որ իրենք այլևս չեն աջակցում ահաբեկչությանը»:
Ասադը հռետորական հարց է տվել. «Ինչպե՞ս կարելի է համագործակցել նրանց հետ, ովքեր ձեր երկրում աջակցում են ահաբեկչությանը: Եթե դուք ձգտում եք համագործակցության, ապա անհրաժեշտ է բոլոր կողմերի շահագրգռվածությունը»: Ասադը մանրամասնել է, որ առարկայական քննարկում սկսելու համար արևմտյան երկրները պետք է համոզեն, որ չեն աջակցում Սիրիայում գործող զինված խմբերին ու չեն մասնակցում արյունահեղությանը.
«Նրանք են սխալվել Սիրիայի հարցում, մենք չենք սպանել գեթե մեկ ֆրանսիացու, գեթե մեկ եվրոպացու, մենք ահաբեկիչներ չենք եղել ձեր երկրներում»: