Ապրիլի 23-24-ը կիզակետային օրեր են. հարձակումներն ուժեղանում են. Փորձագետ
«Տեխնիկական անվտանգության առումով ակնհայտ վտանգ կա ապրիլի 23-ի, 24-ի օրերին, քանի որ կիզակետային օրեր են, երբ հարձակումներն ուժեղանում են»: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ ավելացնելով, թե առաջիկա օրերին կայքերի վրա կարելի է սպասել զանգվածային հարձակումներ, սակայն դրանք «այնքան էլ լուրջ պետք չէ ընդունել»: Նրա խոսքով՝ թիրախային հարձակումներ կարող են կատարվել լրատվական և Ցեղասպանության վերաբերյալ բովանդակություն կրող կայքերի վրա:
«Այդպիսի փորձ կա, երբ թուրքական հաքերային խմբերը հենց ապրիլի 24-ին փորձել են լռեցնել հայկական կայքերը, որովհետև հենց ապրիլի 24-ին է այլ երկրների բնակչությունը (երբ մամուլով շատ են գրում) հետաքրքրվում, թե ինչի մասին է խոսքը, և, բնականաբար, փնտրում են ցանցում: Եվ երբ այդ պահին հայկական կայքերը չեն աշխատում, բնականաբար, մարդիկ ուղղորդվում են դեպի թուրքական կայքերը, որոնք պարունակում են Ցեղասպանության մասին կեղծ տեղեկատվություն»,- ասաց մեդիափորձագետը՝ շեշտելով, որ նման դեպքեր ամեն տարի չեն լինում, այդպիսի լուրջ գրոհներ եղել են մի քանի անգամ: Սակայն նա չի բացառում, որ այս տարի լուրջ գրոհներ կլինեն:
Ս. Մարտիրոսյանը նաև ընդգծեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ադրբեջանական հաքերային խմբերն են շատ ներգրավվել Ցեղասպանության ժխտման հարցի մեջ. «Նույնիսկ շատ դեպքերում՝ ավելի ակտիվ, քան թուրքերը: Ադրբեջանական խմբերն առավել պասիվացել են այս տարի՝ համեմատած մնացած տարիների հետ: Հիմնական դերակատարներն այնտեղ այն լուրջ հաքերներն են, որոնք ինչ-որ յուրահատուկ կեղծանուններով են գործում: Դրանք, երկար ժամանակ է՝ ասպարեզում չեն, դրա համար կարող ենք ենթադրել, որ գործունեությունը գնում է ընդհատակյա, և պատրաստվում են ապրիլի 24-ին: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ ինչ-որ քանակի հայկական կայքեր արդեն կոտրված են, բայց դրա մասին գիտեն միայն նրանք, ովքեր կոտրել են և պահում են, որ ի հայտ բերեն հենց ապրիլի 24-ին»:
Մեդիափորձագետի կարծիքով՝ ընդհանրապես Ցեղասպանության վերաբերյալ գերակտիվ վիճակ է այս տարի, այսինքն՝ «երբեք ինտերնետի հայտնի պատմության մեջ այսքան Հայոց ցեղասպանության և Հայաստանի հանդեպ հետաքրքրություն չի եղել»: Ըստ նրա՝ դա նույնիսկ երևում է փնտրող համակարգերի վիճակագրությամբ. «Այդ պատճառով այդ հարձակումներն ինչ-որ առումով արդեն ուշացած կլինեն, բայց պետք է հաշվի առնել նաև՝ վտանգ կա ընդհանուր կապուղիների խափանման»:
Ս. Մարտիրոսյանը նշեց, որ բովանդակային առումով մենք դրական դիրքերում ենք գտնվում, որովհետև այսօր Ցեղասպանության ճանաչման հետ կապված քարոզչությունը վարում է գրեթե ամբողջ աշխարհը, ամեն օր ահռելի հրապարակումներ են լինում, հիմնականում՝ հայկական կողմի տեսակետը պաշտպանող.
«Բայց եթե խոսենք հենց մեր լրատվական դաշտի մասին, ապա այստեղ մի խնդիր կա, որ շատ հաճախ թուրքական չստուգված տեղեկատվությունը ներթափանցում է հայաստանյան լրատվական դաշտ: Դա պայմանավորված է նախ՝ նրանով, որ ավանդույթ է դարձել Հայաստանում մեկ աղբյուրից օգտվելը: Հաճախակի այստեղ որպես լուրջ տեղեկատվություն՝ արտատպվում է թուրքական տեղեկատվությունը, և խնդիրը նրանում է, որ շատ չեն լրագրողները, որոնք կարողանում են տարբերակել թուրքական աղբյուրները»: