
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հանձնվել, ընդ որում՝ ո՛չ այս տարի, ո՛չ էլ սրանից հետո. Չավուշօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև առկա են բարձր մակարդակի տնտեսական ու առևտրային հարաբերություններ, և անհրաժեշտ է, որ երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները նույնպես հասցվեն այդ մակարդակին.
«Սակայն ԱՄՆ-ի հայ համայնքը ցանկանում է վնասել այդ երկկողմ հարաբերությունները: Մենք շարունակում ենք Հայաստանին ու համայն աշխարհի հայությանն ուղղել խաղաղության ու բարեկամության ձեռք պարզելու մեր կոչերը: Մեր նախագահը (Ռեջեփ Էրդողան) նախորդ տարվա ապրիլի 23-ին ուղերձ հղեց՝ ուղղված ցավերը կիսելուն:
Դժբախտաբար, այդ կարևոր քայլը չստացավ արձագանք: Մեր վարչապետը (Ահմեդ Դավութօղլու) Թուրքիայի քաղաքացի, հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ հղեց նմանատիպ ուղերձ, ինչը նույնպես չստացավ արձագանք:
Մենք չենք կարող մեզ թույլ տալ հանձնվել, ընդ որում՝ ո՛չ այս տարի, ո՛չ էլ սրանից հետո: Թուրքիան չի հրաժարվի Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու կուրսից»: