Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ. «Մենք որպես եկեղեցի՝ ընդունել ենք Հայոց ցեղասպանության փաստը»
Երեկ Հայաստան է ժամանել այս օրերին մեր երկիր հրավիրված առաջին բարձրաստիճան հյուրը` Ալեքսանդրիայի և համայն Աֆրիկայի Պապ, ղպտիների հոգևոր առաջնորդ, Նորին Սրբություն Թևադրոս Բ-ն: Նա Երևանում է լինելու մինչև ապրիլի 25-ը: Բարձրաստիճան հյուրերի համար նախատեսված կեցավայրում պատասխանելով 168.am-ի հարցերին՝ Ալեքսանդրիայի Ղպտիական Ուղղափառ եկեղեցու առաջնորդը նախ իր գոհունակությունը հայտնեց Հայաստանում լինելու առթիվ՝ նշելով, որ գտնվում է մի երկրում, որի հնագույն եկեղեցին պատմական ամենահզոր կապերով է կապված Ղպտի Ուղղափառ եկեղեցու հետ:
Գահակալության գալով ղպտիների և ամբողջ Եգիպտոսի ժողովրդի համար դժվարին ժամանակներում (2012-ին)` Սուրբ Մարկոսի եկեղեցու հետևորդը գահակալությունից հետո իր անհաշտությունն է հայտնել Եգիպտոսի օրվա կառավարությանը, իսկ այսօր, ինչպես նշեց մեզ հետ զրույցում, փորձում է համագործակցության ուղիներ գտնել երկրի ներկա ղեկավարության, հատկապես` Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիի հետ` ղպտիների իրավունքների հաստատման հարցում, որովհետև, ինչպես նշեց նա, թեև ղպտիները Եգիպտոսի բնակչության 10%-ն են կազմում, սակայն անընդունելի է նրանց դիտարկել՝ իբրև փոքրամասնություն: «Եգիպտոսի քրիստոնյաներն են կերտել երկրի սկզբնական պատմությունը»,- նշեց Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապը: Նորին Սրբություն Պապն ուրախություն հայտնեց, որ Եգիպտոսի ներկա նախագահը և բարձրաստիճան մյուս ղեկավարներն այս տարի առաջին անգամ Սուրբ Հարության տոնի առթիվ շնորհավորել են ղպտի ժողովրդին:
Անդրադառնալով մեր այն դիտարկմանը, որ Պապը Հայաստանում մասնակցում է Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, սակայն Եգիպտոսը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և հարցին, արդյո՞ք կճանաչի Եգիպտոսը Հայերի ցեղասպանությունը, համայն ղպտիների առաջնորդը պատասխանեց.
«Մենք՝ որպես եկեղեցի, ընդունել ենք Հայոց ցեղասպանության փաստը, և համոզված ենք, որ դա պատմական ճշմարտություն է: Մենք ընդունում ենք Հայոց ցեղասպանության զոհերին՝ իբրև Քրիստոսի համար նահատակվածներ, և այն, որ ես այստեղ մասնակցելու եմ այդ զոհերի սրբադասման արարողությանը, նշանակում է, որ մենք՝ իբրև եկեղեցի, նույնպես ունենք նրանց բարեխոսության կարիքը: Իսկ Եգիպտոսը՝ իբրև պետություն, այդ խնդիրը քննարկում է պետական շրջանակներում»:
Խոսելով Միջին Արևելքում քրիստոնյաների դիմագրաված դժվարությունների մասին` Արևելքի հնագույն եկեղեցիներից մեկի առաջնորդն ասաց, որ Միջին Արևելքը նաև քրիստոնյաների բնօրրանն է, և այն ուժերը, որոնք այսօր փորձում են Միջին Արևելքը դատարկել քրիստոնյաներից, գործում են Աստծո դեմ:
Պատասխանելով ղպտիների սփյուռքի մասին մեր հարցին` ղպտիների հոգևոր առաջնորդն ասաց, որ ղպտիները՝ իբրև աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, այսօր 10 միլիոնից ավելի են. նրանց մեծ մասը բնակվում է իր բնօրրանում` Եգիպտոսում: Ըստ ավանդության՝ ղպտիները հին եգիպտացիների հետնորդներն են համարվում:
«Իսկ աշխարհով մեկ ցրված ունենք երկու միլիոն ղպտի, նրանց մեծ մասն ԱՄՆ-ում է, կան մեծաթիվ ղպտիներ Ավստրալիայում և Կանադայում: Մեր հավատացյալներն անմիջական կապի մեջ են Ալեքսանդրիայի պապական աթոռի հետ, Եգիպտոսի Ալեքսանդրիայի աթոռն ամբողջ ղպտիների Մայր Աթոռն է: Ունենք 24 եպիսկոպոս, որոնք տարբեր քաղաքներում հովվական առաքելություններ են կատարում: Ղպտիների սփյուռքն այսօր համախմբված է իր հնագույն հավատի շուրջ»,- ասաց Ղպտիական Ուղղափառ եկեղեցու 118-րդ պատրիարքը: