«Առաջին սերունդը ապրեց, երկրորդը վերապրեց, իսկ երրորդը հիշեց ու պահանջեց…». ԵՊԼՀ ուսանողների տեսահոլովակը
Այսօր՝ ապրիլի 20- ին, Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին: Միջոցառման սկզբում 100 վայրկյան լռությամբ բրյուսովականները հարգեցին Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը: Միջոցառումը շարունակվեց աղոթքով: Ներկաները աղոթք ուղեցին առ Աստված՝ հասցնելով իրենց հոգու ճիչը երկինք, որտեղ 1.500.000 անհանգիստ հոգիներ սպասում են արդարության:
Այնուհետև ցուցադրվեց ուսանողության ջանքերով նկարահանված տեսանյութ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարլիցին, տեսանյութ, որն իր յոթ րոպեների մեջ ներկայացնում է այժմյան երիտասարդության ցավն ու մտահոգությունը:
Տեսանյութի հերոսներն այն բոլոր 100 տարիներն են, որոնք իրենց մեջ կրեցին այս անմարդկային ոճիրի 100 ամենատարբեր էջերը: Տեսանյութում կոտորածի խորհրդանիշները այն անձրևանոցներն են, որոնք հայերին էին մեկնել հալածողները՝ իբրև թե մեզ պաշտպանելու համար, մեր ազգն էլ հոժարությամբ վերցրել ու դրանցով ծածկվել էր: Բայց դա նման չէր սովորական պաշտպանության: Անձրևանոցն անձրևից է պաշտպանում , ձյունից , քամուց ու փոշուց. այս անձրևանոցներն այլ էին, սրանք արևից, տաքությունից ու լուսավորումից էին պաշտպանում: 100 տարի անց մեր երիտասարդությունն, ազատվելով սևից, հայ ժողովրդի տոկունության ու ազգային ոգու հարատևման համար համայն աշխարհից պահանջում է արդարություն այն բոլոր տարիների անունից , որոնք դարձան վկան անմարդկային վարմունքի:
Միջոցառումը եզրափակվեց հաղթական քոչարիի ներքո ԵՊԼՀ ուսանողների վանկարկումներով՝ «ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ»: