Վիլնյուսի գագաթաժողովին հաջորդած դեպքերը բազմաթիվ մարտահրավերներ ստեղծեցին «Արևելյան գործընկերության» ողջ տարածաշրջանում. Մամեդյարով
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, ելույթ ունենալով ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների արտգործնախարարների 6-րդ հանդիպման ժամանակ, անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Վիլնյուսի գագաթաժողովից հետո տեղի ունեցած իրադարձությունները բազմաթիվ մարտահրավերներ են ստեղծել «Արևելյան գործընկերության» ողջ տարածաշրջանում: «Արևելյան գործընկերության» տիրույթում բոլոր հակամարտությունները տեղի ունեցան նման սցենարով՝ հանգեցնելով այնպիսի ծանր սցենարների, ինչպիսիք են տարածքային ամբողջականության խախտումը, օկուպացիան ու անջատողականությունը:
Ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է ուղիղ սպառնալիք մնալ Եվրոպական հարևանության քաղաքականության համար՝ խոչընդոտելով Եվրոպական հարևանության քաղաքականության լիարժեք իրագործմանը: Ժամանակն է միասնական դիրքորոշում ու համերաշխություն ցուցաբերել տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունների հանդեպ:
Մենք ԵՄ-ից ակնկալում ենք տարածաշրջանում առկա մարտահրավերների հանդեպ հստակ պատասխան: Ադրբեջանը քանիցս հայտարարել է, որ պատրաստ է աշխատանքներ սկսել խաղաղության մեծ համաձայնագրի վրա»: