ԵՄ-ը մշակել է 10 կետից բաղկացած պլան՝ ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարելու համար
BBC-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրների արտաքին գործերի ու ներքին գործերի նախարարները համատեղ խորհրդակցության են հավաքվել Լյուքսեմբուրգում, որը նախագահել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինին:
Հանդիպման արդյունքներով հավանության է արժանացվել 10 կետանոց պլան, որը միտված է ներգաղթյալների շուրջ տիրող ճգնաժամային իրավիճակի հաղթահարմանը: Պլանը պետք է ներկայացվի Եվրոպական խորհրդին, որն այն կդիտարկի ապրիլի 23-ի արտահերթ նիստում:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ներգաղթյալների շուրջ ստեղծված իրավիճակն անվանել է դրամատիկ՝ ընդգծելով, որ այն վերաբերվում է ողջ Եվրոպային: Պլանում նախատեսվում է մեծացնել ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարը, գրավել և ոչնչացնել մաքսանենգների նավերը, մատնահետքեր վերցնել ներգաղթյակներից և այլն:
Ապրիլի 19-ի գիշերը Լիբիայի ափերի մոտ խորտակվել է 700 ներգաղթյալներով նավը, որոնցից փրկվել է միայն 28-ը: Դրանից առաջ էլ հաղորդվել է Միջերկրական ծովում երկու նավաբեկության մասին: Երկու նավերն էլ ապօրինի ներգաղթյալներին փորձել են Լիբիայից հասցնել Իտալիա, սակայն նավաբեկման են ենթարկվել: Ապրիլի 16-ին հաղորդվել էր 41 զոհի մասին, իսկ դրանից երկու օր առաջ՝ 400 զոհի մասին:
Այս տարի Միջերկրական ծովը հատելու փորձ կատարելիս զոհված ներգաղթյալների թիվը հասել է 1800-ի: 2014 թվականին Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից Իտալիա է տեղափոխվել 170.000 փախստական: 2014 թվականին Միջերկրական ծովով Եվրոպա ընկնելու փորձի ժամանակ ընդհանուր առմամբ զոհվել է մոտ 3500 ներգաղթյալ, ավելի քան 200.000-ին էլ հաջողվել է փրկել: